Մատչելիության հղումներ

ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված ընկերության ղեկավարը «թյուրիմացություն» է որակում կատարվածը


Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյան

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հայաստանյան երկու ընկերությունների՝ «Մարկել» ՓԲԸ-ի և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի (ԵրԿՄԳՀԻ) նկատմամբ:

Միացյալ Նահանգների առևտրի նախարարության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այս ընկերությունները, ըստ արժանահավատ տվյալների, վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կամ զբաղվում են գործունեությամբ, որը կարող է հակասել ԱՄՆ շահերին կամ արտաքին քաղաքականությանը:

«ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել, որոնք ներառված են ամերիկյան «Առևտրային վերահսկողության ցուցակում», և վերստին դրանք արտահանել՝ առանց անհրաժեշտ արտոնագրերի: Ընդ որում, այս ընկերության գործադիր տնօրենը ղեկավարում է նաև սև ցուցակում ներառված հայաստանյան մյուս ընկերությունը՝ «Մարկել»-ը», - ասված է հաղորդագրությունում:

Ամերիկյան պաշտոնական հաղորդագրությունը պնդում է, որ «վերջինս բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որն ամերիկյան պատժամիջոցների տակ է գտնվում»:

Մինչդեռ Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Մհեր Մարկոսյանը տեղի ունեցածը թյուրիմացություն է որակում: Նրա պնդում է, իր ղեկավարած ինստիտուտը, որպես ձեռնարկություն, երբեք չի ունեցել որևէ առևտրային կապ Իրանի Իսլամական Հանրապետության այս կամ այն կազմակերպությունների հետ։ Նա հաստատեց, որ նաև «Մարկել» ՓԲԸ-ի նախագահն է՝ պնդելով, որ այդ ընկերությունը ևս որևէ կապ չունի Իրանի հետ․ - «Չկա էդպիսի բան: «Մարկել» ՓԲԸ-ն ունեցել է պայմանագրեր Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների հետ մինչև 2009 թվականը: 2009 թվականից հետո ոչ մի պայմանագիր չի ունեցել»:

Մարկոսյանը պատրաստվում է դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպանություն և բողոքարկել իր ընկերությունների՝ ԱՄՆ սև ցուցակում հայտնվելու փաստը․ - «Ցանկացած արտահանում, մանավանդ Իրան, մեծ խոշորացույցի տակ դիտարկվում է: Եվ եթե լինում է ինչ-որ մի թեթև կասկած, իմացեք, որ դրա թույլտվությունը պետությունը չի տալիս: Իմանալով էդ ամեն ինչը՝ ոչ մի անգամ մենք չենք գնացել էդ ճանապարհով: Եվ չունենք դեպք, որովհետև պետությունը միանգամից կարգելեր էդ ամեն ինչը: Որտեղի՞ց է վերցրել այդ ինֆորմացիան, ո՞վ է տվել այդ ինֆորմացիան և այլն, դա ենթակա է պարզաբանման»:

Մարկոսյանն ասաց, որ արդեն 40 տարի զբաղվում է ռադիոտեխնիկական սարքերի նախագծմամբ և փորձնական նմուշների պատրաստմամբ, հպարտանում է, որ վերջին շրջանում էքսպո ցուցահանդեսներին իրենց անունը հաճախ է հնչում, հաջողություններ ունեն և Պաշտպանության նախարարության հետ են աշխատում:

«Մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ, ցույց տալ մեր փաստաթղթերը: Կուզենան փաստաթղթերը կնայեն, կուզենան բացատրությունները կլսեն, ինչպես որ իրենք ուզենան, թող նայեն, համոզվեն: Ամեն երկու տարին մեկ կամ ինչ-որ ժամանակահատվածը մեկ [ամերիկյան] Պետական դեպարտամենտի ներկայացուցիչները եկել ուսումնասիրել են մեր առածը, օգտագործածը և տեսել են, որ ամեն ինչը տեղում է, նորմալ աշխատանք է գնում: Եվ ասել են՝ այդպես էլ շարունակեք»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից փոխանցեցին, որ համապատասխան ճշգրտումներ են կատարում պատժամիջոցների մասին տեղեկատվության առնչությամբ և հանդես կգան լրացուցիչ պարզաբանմամբ:

Հարցն այսօր մեկնաբանել չցանցավ նաև արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը:

Հայաստանյան ընկերություններից բացի, պատժամիջոցների ցանկում ներառվել են ռուսաստանյան Կալուգայի գիտահետազոտական ռադիոտեխնիկական ինստիտուտը, ինչպես նաև 14 այլ ընկերություններ Վրաստանից, Բելգիայից, Միացյալ Թագավորությունից, Կանադայից, Չինաստանից ու Հոնկոնգից:

Ըստ հաղորդագրության, այս ընկերություններին այլևս արգելվում է Միացյալ Նահանգներից ապրանքներ ստանալ․ սահմանափակումն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ օգոստոսի 14-ից:

XS
SM
MD
LG