Մատչելիության հղումներ

«Պուտինը չի կարողացել ամբողջությամբ լռեցնել բոլորին»


Ռուսաստան - Ոստիկանները բռնություն են գործադրում ցուցարար Դարյա Սոսնովսկայայի նկատմամբ, Մոսկվա, 10-ը օգոստոսի, 2019թ.

Մոսկվայում Սախարովի պողոտայում բազմահազարանոց ցույց անցկացրած ակտիվիստները գալիք շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, ևս մեկ երթ անցկացնելու հայտ են ներկայացրել քաղաքապետարան:

Հայտում նշվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 30 հազար մարդ: Այդ մասին «Կոմերսանտ» պարբերականին ասել է մոսկովյան դումայի պատգամավոր Ելենա Ֆիլինան:

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում նախատեսված են քաղաքային դումայի ընտրությունները, իշխանությունը չի գրանցում ընդդիմադիր թեկնածուներից շատերին: Ցուցարարները պահաջում են վերանայել գրանցումները մերժելու որոշումները:

Ֆիլինայի փոխանցմամբ, ցուցարարները շաբաթ օրը իշխանությունից պահանջելու են չճանաչել ընտրությունների արդյունքներն այն դեպքում, եթե դրանք անցկացվեն առանց ընդդիմադիր թեկնածուների մասնակցության:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետարանը հաստատել է «Հանուն ազնիվ ընտրությունների» կարգախոսով Սախարովի պողոտայում երթ անցկացնելու Ռուսաստանի կոմկուսի հայտը:

Օգոստոսի 10-ին տեղի ունեցած ցույցին մասնակցել է մոտ 50 հազար մարդ: Ձերբակալվել է ավելի քան 250 մարդ:

Ռուսաստանի մայրաքաղաքում մոտ մեկ ամիս շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր հաշվով ձերբակալվել է ավելի քան 3 հազար մարդ:

Ինչո՞ւ է Կրեմլն ամեն կերպ փորձում կանխել ընդդիմության ընտրությունը Մոսկվայի դումա:

Վերլուծաբանները ենթադրում են, որ օրինական ներկայություն ստանալով մոսկովյան օրենսդիր մարմնում՝ ընդդիմադիր պատգամավորները կարծարծեն Կրեմլի համար տհաճ հարցեր, մասնավորապես՝ կպահանջեն հետաքննել ոստիկանների բիրտ գործողությունները, կամ հրապարակել սեփականաշնորհման կասկածելի գործարքների փաստաթղթերը:

Նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է զանգվածային ակցիաներից: Մոսկվայում նման հավաքներ տեղի են ունեցել 2011 և 2012 թվականներին:

The Washington Post ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, Պուտինը հուսով էր, որ հարցը հեշտորեն կլուծվի Մոսկվայում ընդդիմադիր թեկնածուների գրանցումը մերժելով:

Կրեմլում, հավանաբար, չեն ենթադրել, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց:

Մոսկվայում այս օրերին անլսելի բաներ կտեսնես. մարդիկ հրապարակներում ձեռքում պահում են «Պուտինը ստախոս է», «Բավ է բոլորիս խաբես», «Կյանքիս կեսն ապրում եմ Պուտինի օրոք, հերի՛ք է» գրություններով պաստառներ:

«Պուտինը ստեղծել է ավտորիտար համակարգ, վերացրել է քաղաքական մրցակցությունը և այլախոհության հնարավորությունը, սակայն չի կարողացել ամբողջությամբ լռեցնել բոլորին», - գրել է The Washington Post-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG