Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը Արցախում առաջիկա ընտրություններին


Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Մասիս Մայիլյանը չի բացառում իր ակտիվ մասնակցությունը Արցախում առաջիկայում անցկացվելիք ընտրություններին: Այդ մասին նա հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և պատրաստ եմ ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը», - գրում է Մայիլյանը:

«Նաև չեմ կարող անտեսել համապետական ընտրություններին իմ մասնակցության ձևաչափի մասին բազմաթիվ հարցերն ու հարցումներն Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից ու Սփյուռքից։ Մեկ անգամ ևս հավաստելով մեր երկրի անվտանգ, ապահով, քաղաքակիրթ ու ժողովրդավարական լավագույն ապագայի հանդեպ իմ խիստ շահագրգռված լինելը և այդ ապագայի կերտման գործում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իմ սկզբունքային պատրաստակամությունը՝ ուզում եմ տեղեկացնել, որ մտածում եմ այդ ուղղությամբ, պարբերաբար հետևում եմ հասարակական կարծիքի դրսևորումներին, մարդկանց իղձերին ու տրամադրություններին և ձգտելու եմ առավելագույնս օգտակար լինել այդ իղձերի իրականացմանը: Ուստի և ըստ էության չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին», - ասված է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են այս տարվա սեպտեմբերի 8-ին, իսկ 2020 թվականի գարնանը կանցկացվեն նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ: Գործող նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու այդ ընտրություններին:

Մասիս Մայիլյանը 2007 թվականին նախագահական ընտրություններին մասնակցում էր որպես ընդդիմադիր թեկնածու, սակայն ստանալով ընտրողների ձայների 12,53 տոկոսը՝ պարտվել էր իշխանական թեկնածու Բակո Սահակյանին: 2007 թվականից՝ Բակո Սահակյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Մայիլյանը թողել է արտգործնախարարի տեղակալի պաշտոնը և մի քանի տարի զբաղվել քաղաքագիտական, փորձագիտական գործունեությամբ: 2016-ի դեկտեմբերին վերադարձել է պետական համակարգ՝ հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակով, ապա 2017-ին նշանակվել արտաքին գործերի նախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG