Մատչելիության հղումներ

Պաշտոնական Փարիզը հերքում է Դոնալդ Թրամփի մեղադրանքները


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիան, արխիվ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիան, արխիվ

Ֆրանսիան հերքում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները՝ Իրանի հարցով Վաշինգտոնի քաղաքականությանը միջամտելու վերաբերյալ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լը Դրիանը:

Սպիտակ տան ղեկավարը նախօրեին, մասնավորապես, գրել էր, թե Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն «հակասական ազդակներ է ստանում բոլոր նրանցից, ովքեր անհիմն ներկայացնում են մեզ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»:

Փարիզը «թույլտվության կարիք չունի» Իրանի հարցով իր դիրքորոշումը հայտնելու համար, մասնավորապես հայտարարել է ֆրանսիական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան մերձավորարևելյան տարածաշրջանում հանդես է գալիս խաղաղության ու անվտանգության օգտին և աջակցում է լարվածության թուլացման ռազմավարությանը:

Պաշտոնական Փարիզը շեշտում է նաև, որ վերջին շրջանում լարվածության աճի պատասխանը պետք է լինեն «երկխոսության համար պայմանների ստեղծման քաղաքական նախաձեռնությունները»։ Ֆրանսիացի արտգործնախարարի խոսքերով՝ Մակրոնն իր գործընկերների հետ աշխատում է հենց այդ խնդրի լուծման ուղղությամբ:

Նախագահ Թրամփը անցյալ տարվա մայիսին միակողմանիորեն խզել է Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը, նաև սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ համագործակցող երկրների դեմ: Իրանի միջուկային հավակնությունները զսպող համաձայնագրի տակ ստորագրած եվրոպական երկրները, սակայն, ամեն կերպ փորձում են կանխել գործարքի տապալումն ու այն լքած Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր ռազմական լարվածությունը, միևնույն ժամանակ համոզել Իրանի իշխանություններին՝ չխախտել պայմանավորվածությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG