Մատչելիության հղումներ

Ավինյան․ Երկու-երեք տարի անց երկնիշ տնտեսական աճը իրատեսական է


Հայաստանի կառավարությունում իրատեսական են համարում երկու-երեք տարի անց երկնիշ տնտեսական աճ ունենալը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետին խնդրել էինք անդրադառնալ այս երկուշաբթի Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ռազմավարական նպատակներին, որոնցից մեկի համաձայն՝ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է կարողանա 15 անգամ մեծացնել համախառն ներքին արդյունքը:

«Ազատության» հարցին, թե որքանո՞վ է իրատեսական համարում, օրինակ՝ մինչև 2050 թվականը ՀՆԱ-ն 15 անգամ ավելացնելու համար պետք է տարեկան մոտ 10 տոկոս տնտեսական աճ ունենալ, Ավինյանը պատասխանեց. «9,5, եթե ավելի կոնկրետ։ Ես համարում եմ, որ համապատասխան ջանք ներդնելու պարագայում այն, ինչ որ այսօր թվում է անիրատեսական, կդառնա հնարավոր շատ մոտ ապագայում»։

Հարցին էլ, թե կառավարությունն ի՞նչ է անում, որպեսզի, օրինակ, այդ 9,5 տոկոս տնտեսական աճը տարեկան ապահովվի, կառավարության ծրագրերով, այդ թվում՝ առաջիկա տարիների համար, նման թվեր չկան, արդյո՞ք այդ թվերը նույն ճակատագրին չեն արժանանա, ինչ Սերժ Սարգսյանի հռչակած մեգանախագծերը, փոխվարչապետն արձագանքեց. «Ես կարծում եմ՝ գալիք մի քանի տարվա ընթացքում խորքային բարեփոխումների և ընդհանուր բյուջեի վերանայման պայմաններում այդ մոտեցումները իներցիոն, որոնք որ առկա են, ամբողջապես փոխվելու են։ Նամանավանդ ներառական տնտեսական աճի մոդելի ներդրման պարագայում և նամանավանդ կրթական և առողջապահական ծառայությունների ընդլայնման պարագայում, երբ մենք աշխատելու ենք ուղղակիորեն մարդկային կապիտալը զարգացնելու ուղղությամբ, ես համոզված եմ, որ դա չի կարող իր լրջագույն էֆեկտները չցուցաբերել ապագայում»։

Իսկ հարցին, թե երկնիշ տնտեսական աճ սպասո՞ւմ է, փոխվարչապետը պատասխանեց. «Միգուցե ոչ գալիք երկու-երեք տարվա ընթացքում, բայց հետագայում երկնիշ տնտեսական աճը իրատեսական է։ Երկնիշ տնտեսական աճ ասելով միայն չպետք է համախառն ներքին արդյունքի աճ հասկանանք։ Ես կարծում եմ՝ նաև մեր ուշադրությունը պետք է լինի սևեռված բարեկեցության վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»։

Վիճակագրական կոմիտեի համաձայն, անցած տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 6 տրիլիոն 5 միլիարդ 58 միլիոն դրամ կամ 12 միլիարդ 433 միլիոն դոլար: Հայաստանի տնտեսությունը 15 անգամ աճելու դեպքում մոտավորապես հավասար կլինի այսօրվա Նոր Զելանդիայի, Կատարի կամ Ալժիրի տնտեսություններին:

Նախորդ անգամ, ըստ Վիճակագրական կոմիտեի, Հայաստանը երկնիշ տնտեսական աճ ունեցել է հեռավոր 2007 թվականին՝ 13,7 տոկոս:

Հայաստանի այս տարվա պետական բյուջեի համաձայն, նախատեսվում է 2019 թվականը փակել 4,9 տոկոս տնտեսական աճով:

Մոտ մեկ ամիս առաջ կառավարութան կողմից հաստատված Հայաստանի 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում այդ թիվն արդեն փոխվել է, և ակնկալվում է այս տարի ունենալ ավելի բարձր՝ 5,4 տոկոս տնտեսական աճ: Այդ ծրագրի համաձայն, գալիք տարի ակնկալվում է ունենալ 4,9 տոկոս տնտեսական աճ, 2021-ին՝ 5 տոկոս, 2022-ին՝ 5,1 տոկոս:

Սակայն ծրագրում ներկայացված է նաև «բարձր տնտեսական աճի սցենարը»: «Միջնաժամկետ հորիզոնում կառավարության հիմնական խնդիրն է անցում կատարել բարձր տնտեսական աճի սցենարին: Կառավարությունը բարձր տնտեսական աճի սցենարին անցնելու հնարավորությունը տեսնում է վերամշակող արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերությունը խթանող և խրախուսող գործողությունների մեջ», - կարդում ենք ծրագրում, և, ըստ փաստաթղթի, բարձր տնտեսական աճի պարագայում ակնկալվում է այս տարի ունենալ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ, 2020 թվականին՝ 7 տոկոս, 2021-ին՝ 8 տոկոս և 2022 թվականին՝ 9 տոկոս:

Հայաստանում մոտ 20 տարի իշխած Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը այսօր «Ազատության» հետ զրույցում անլուրջ բնութագրեց մինչև 2050 թվականը ՀՆԱ-ն 15 անգամ մեծացնելու նպատակը:

«18 թվականին միջնաժամկետ ծախսային ծրագրով ենթադրվում էր, որ միջին տարեկան տնտեսական աճը կլինի 5,5 տոկոս, ընդամենը 5,5 տոկոս։ Միջնաժամկետ ծախսային ծրագիրը 18 թվականից ընդունելուց հետո Փաշինյանը հռչակեց տնտեսական հեղափոխությունը, որին հաջորդեց 19 թվականին ընդունված միջնաժամկետ ծախսային ծրագիրը և եթե կարելի էր ակնկալել, որ 5,5-ից պետք է ավելի լինի, ապա դա չափազանց մեծ լավատեսություն է այն իրողության համար, որը մենք այսօր գտնվում ենք՝ կես տոկոսով նվազեցվեց։ Այսինքն առաջիկա երեք տարիների միջին տնտեսական աճը հինգ տոկոս է», - ասաց Մինասյանը։

«Ազատության» հարցին՝ նոր ծրագրի համաձա՞յն՝ 20-22 թվականների, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամը պատասխանեց. «Այո, 20-22, էն պարագայում, երբ որ 18 թվականին ընդունված միջնաժամկետը 5,5 տոկոս էր»։

Հարցին էլ, որ 2020-2022 թվականների ծախսային ծրագրում կա նաև բարձր տնտեսական աճի սցենար և, ըստ այդ սցենարի, կառավարությունը նախատեսում է այս տարի ունենալ 6, մյուս տարի՝ 7, 2021 թվականին՝ 8 և 2022 թվականին 9 տոկոս տնտեսական աճ, սա լուրջ համարո՞ւմ է, Մինասյանը պատասխանեց. «Դա լուրջ չի համարում ինքը՝ կառավարությունը, որովհետև այդ փաստաթղթում միջնաժամկետ ծախսային ծրագրում կառավարությունը հայտարարում է, որ էդ Ձեր ասած սցենարի իրատեսությունը 20-25 տոկոս է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG