Մատչելիության հղումներ

Թրամփը մեղադրում է Մակրոնին Իրանի հարցով ԱՄՆ քաղաքականությանը խառնվելու մեջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնին մեղադրել է Իրանի հարցով ամերիկյան քաղաքականությանը խառնվելու մեջ: Այս մասին Թրամփը գրել է Թվիթերում:

«Գիտեմ՝ Մակրոնը, ինչպես և մյուս բոլորը, ցանկանում է միայն բարին, սակայն ոչ ոք իրավունք չունի խոսելու Միացյալ Նահանգների անունից, ոչ ոք՝ բացի Միացյալ Նահանգներից, ոչ մի կերպ, որևէ ձևով լիազորված չէ ներկայացնելու մեզ», - մասնավորապես գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը նաև կարծիք է հայտնել, թե Իրանը «լրջագույն ֆինանսական դժվարություններ ունի»: Ամերիկյան պետության ղեկավարի պնդմամբ՝ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսության, սակայն «հակասական ազդակներ է ստանում բոլոր նրանցից, ովքեր անհիմն ներկայացնում են մեզ՝ այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»:

Թե որն է Ֆրանսիայի նախագահին հրապարակային քննադատելու պատճառը, Թրամփը չի հստակեցնում:

Մամուլը, մասնավորապես՝ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաընկերությունը, վկայակոչելով իրանական աղբյուրները, հայտնել է, որ Էմանյուել Մակրոնը իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում Հասան Ռոհանիին որպես պատվավոր հյուր հրավիրել է մասնակցելու Մեծ յոթնյակի հավաքին, որը տեղի կունենա ֆրանսիական Բիարից քաղաքում օգոստոսի 24-26-ը: Գագաթնաժողովին ներկա է լինելու նաև Դոնալդ Թրամփը:

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, սակայն, չի հաստատել այդ տեղեկատվությունը:

Նախագահ Մակրոնը, ով մշտական կապի մեջ է Իրանի նախագահի հետ, չի թաքցնում՝ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների բարելավման հարցում:

Ավելի վաղ Ֆրանսիան Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հետ ֆինանսական համակարգ են ստեղծել՝ INSTEX, որը թույլ կտա ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով Իրանի հետ ֆինանսական գործողություններ իրականացնել:

Հիշեցնենք՝ նախագահ Թրամփը ոչ միայն անցյալ տարվա մայիսին միակողմանիորեն խզել է Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը, այլ նաև սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Իրանի հետ համագործակցող երկրների դեմ: Իրանի միջուկային հավակնությունները զսպող համաձայնագրի տակ ստորագրած եվրոպական երկրները, սակայն, ամեն կերպ փորձում են կանխել գործարքի տապալումն ու այն լքած Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր ռազմական լարվածությունը, միևնույն ժամանակ համոզել Իրանի իշխանություններին՝ չխախտել պայմանավորվածությունները:

Վերջին ամիսներին երկու երկրների միջև լարվածությունը հասավ գագաթնակետին: Վաշինգտոնը հավելյալ հազար զինվոր ուղարկեց Մերձավոր Արևելք Հորմուզի նեղուցում երկու նավթակիրների վրա հարձակումներից հետո, որոնց համար ամերիկյան իշխանությունները մեղադրում են Իրանին, իսկ Թեհրանը հավաստիացնում է, թե կատարվածի հետ որևէ կապ չունի:

Այդ միջադեպերից հետո Վաշինգտոնը հայտարարել է Պարսից ծոցում Իրանի դեմ ռազմական կոալիցիա ստեղծելու մտադրության մասին, դաշնակից Փարիզը, սակայն, պնդում է, որ Թեհրանի նկատմամբ ճնշումները առավելագույնի հասցնելու անհրաժեշտություն չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG