Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափն ու կարգը


Բախումներ Երևանի կենտրոնում, 1-ը մարտի, 2008թ․
Բախումներ Երևանի կենտրոնում, 1-ը մարտի, 2008թ․

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը, աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց՝ որպես աջակցության ձև սահմանվում է դրամական օգնությունը հետևյալ չափերով՝ ստացված վնասվածքի պատճառով մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին կտրվի 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ։ Նախագծով սահմանված են դիմումի ձևը և կից ներկայացվող փաստաղթերի ցանկը։

Նախարարը նաև ասաց, որ Արդարադատության նախարարություն դիմելու և աջակցություն ստանալու իրավունք ունեն մահացած, զոհված անձանց իրավահաջորդ ճանաչված անձինք, առողջությանը ծանր, միջին ծանրության վնաս հասցված անձինք, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում առողջությանը ծանր, միջին ծանրության վնաս հասցված անձինք, եթե վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ արդարացնող հիմքով դատական ակտ կա, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս որոշումը կամ սահմանված չափերը որևէ ձևով չեն նշանակում փոխհատուցում։ «Կներեք կոպիտ ձևակերպման համար, սրանով կյանքի գին չի որոշվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու, սա ձևակերպվում է որպես աջակցություն», - ասաց վարչապետը։

«2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքը Ազգային ժողովը միաձայն ընդունեց հունիսի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG