Մատչելիության հղումներ

Երաժշտա-գաստրոնոմիական փառատոն Մոսկվայում՝ ընդդիմության արտոնված ցույցի օրը


Ռուսաստան - Գորկու անվան այգին Մոսկվայում, արխիվ
Ռուսաստան - Գորկու անվան այգին Մոսկվայում, արխիվ

Մոսկվայի իշխանությունները որոշել են առաջիկա շաբաթ օրը Գորկու անվան այգում երաժշտա-գաստրոնոմիական փառատոն կազմակերպել՝ Ռուսաստանի առաջատար աստղերի մասնակցությամբ: Հատկանշական է, որ մոսկվացիներին շքեղ տոն պարգևելու՝ իշխանությունների այդ ցանկության մասին հայտնի է դարձել փառատոնից ընդամենը մի քանի օր առաջ, ընդ որում, միտումնավոր թե պատահաբար՝ փառատոնը նշանակվել է օգոստոսի 10-ին, ճիշտ այն օրը, երբ ընդդիմությունը պատրաստվում է արտոնված ցույց անցկացնել մայրաքաղաքի տեղական ընտրություններում անկախ թեկնածուներին չգրանցելու դեմ:

Meat&Beat`թարգմանաբար «Միս և ռիթմ» անունով փառատոնի մասին հայտնի դարձավ երեկ կեսօրին, և րոպեներ անց արդեն այս մասին տեղեկությունը տարածվեց մի շարք լրատվամիջոցներով:

«Հիփ-հոփի և փոփ երաժշտության աստղերի համերգները կշարունակվեն 8 ժամ՝ առանց դադարի. հետևել կարող են բոլոր ցանկացողները, և բոլորովին անվճար», - գովազդում են կազմակերպիչները, մանրամասնելով՝ աստղային ելույթներից բացի փառատոնի մասնակիցներին կհրամցվի նաև մոսկովյան ռեստորանների կողմից տրամադրված մսային ուտեստների ընդարձակ ճաշացանկ:

Ընդդիմախոսները պնդում են՝ իշխանությունները ստիպված են գնում գաստրոնոմիական այս խրախճանքին․ «Լևադա» կենտրոնի վերջին հարցումները փաստում են, որ մոսկվացիների 37 տոկոսը դրական է վերաբերվում ընդդիմության բողոքի ակցիաներին, մինչդեռ բացասական վերաբերվողների և անտարբերների թիվն ավելի փոքր է: Մյուս կողմից, հարցվածների 20 տոկոսը նշել է, որ ուշադրությամբ հետևում է ցույցերին, 48 տոկոսն ասել է, որ լսել է դրանց մասին, այն դեպքում, երբ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություններն այդ ակցիաներն ընդհանրապես չեն լուսաբանում։

Մոսկովյան ցույցերը սկսվել են հուլիսի կեսերից, երբ իշխանությունները հրաժարվեցին գրանցել անկախ թեկնածուներին մոսկովյան դումայի՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններում: Բողոքի նախորդ երկու ակցիաները արտոնված չէին, դրանց ընթացքում ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց՝ ձերբակալելով հազարավոր մարդկանց:

Մի քանիսի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, մանկահասակ երեխայի հետ ցույցերին մասնակցած ամուսիններն էլ կանգնել են երեխայից զրկվելու վտանգի առջև․ դատախազությունը նրանց դեմ քրեական գործ է հարուցել՝ անչափահասի դաստիարակության գործում անպատասխանատու վերաբերմունք դրսևորելու համար: Ընդդիմադիրներին ճնշելու համար գործի են դրվում նաև այլ մեթոդներ․ երեկ, օրինակ, Դատական կարգադրիչների դաշնային ծառայությունն էր այցելել ցուցարարների բնակարանները, իրավապահները ստուգում են նաև նրանց վարկային պատմությունները։

Արևմուտքը դատապարտել է ոստիկանների կոշտ գործելաոճը և կոչ արել անհապաղ ազատ արձակել ձերբակալված քաղաքացիներին։ Մոսկվան, սակայն, մինչ օրս ոչ միայն չի հետևել այդ կոչերին, այլև պնդել է, թե ներքին քաղաքականության հարցում դրսի խորհուրդների կարիքը չունի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG