Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկվելու դեպքի առթիվ:
Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ՝ 13.11.2016 թվականին ծնված երեխային՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ:
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով [Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ]:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
«Գազել» ավտոմեքենայի վարորդից վերցվել է արյան փորձանմուշ և նշանակվել դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: