Մատչելիության հղումներ

ՊԵԿ․ 2017-18-ին ՀԴՄ-ների ձեռքբերման գործընթացում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել


ՀԴՄ, արխիվային լուսանկար
ՀԴՄ, արխիվային լուսանկար

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ:

ՊԵԿ-ը այսօր տեղեկացնում է, որ հետամուտ լինելով զանգվածային լրատվության միջոցներում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ-առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) կողմից 2017-2018 թվականների ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման գործընթացում թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ հրապարակումներին, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել դրանց բացահայտման ուղղությամբ։ «ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի և Չինաստանի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում գրանցված «Փաքս Թեքնոլոջի Լիմիթեդ» ընկերության միջև կնքված պայմանագրով ՊՈԱԿ-ին մատակարարված ընդհանուր 25․000 հատ «Pax S 900» մոդելի հսկիչ-դրամարկղային մեքենաների պայմանագրային արժեքը ձևակերպվել է իրականից ավելի բարձր գնով: Ըստ էության, հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռք բերման համար ՀՀ կառավարության կողմից ավել գումար է հատկացվել, ինչը եղել է ակնհայտ անշահավետ գործարք Հայաստանի Հանրապետության համար», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն հաղորդագրությունում:

Քրեական գործը հարուցվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակներով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG