Մատչելիության հղումներ

«Արարատ Արմենիա» - «Սաբուրթալո» հանդիպումը հայկական հեռուստաընկերությունները չեն հեռարձակի


Հ1-ի լոգոն, արխիվ
Հ1-ի լոգոն, արխիվ

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում այսօր կայանալիք «Արարատ Արմենիա»-ի և վրացական «Սաբուրթալո»-ի միջև առաջին հանդիպումը հայկական հեռուստաընկերությունները չեն հեռարձակի։

Հայկական ակումբից պարզաբանում են․ - «Բանակցություններ երկար եղավ, որ լինի, բայց էս խաղը կոնկրետ չի լինելու եթերով»։

Հայկական ակումբների՝ «Արարատ Արմենիա»-ի և «Փյունիկ»-ի այս տարվա եվրագավաթային հաջողությունները երկրպագուներին ոգևորել են, երկրորդ տարին անընդմեջ որակավորման երրորդ փուլում Հայաստանը կներկայանա երկու թիմով, երկրպագուները սոցցանցերում ակտիվորեն քննարկում են հայ-վրացական դիմակայությունը, իսկ այն, որ հեռուստատեսությամբ դիտելու հնարավորություն չեն ունենալու՝ ամոթալի համարում։

Քննարկման առիթ դարձավ նաև այն հանգամանքը, որ վրացական ակումբի հովանավորը ադրբեջանական «Սոկար» ընկերությունն է, որոշ ֆուտբոլասերների կարծիքով՝ հենց այս հանգամանքն է խոչընդոտ հանդիսացել հեռուստաընկերությունների համար։

Ակումբից հայտնում են՝ տնային այս բարձր մակարդակի խաղը հեռարձակելու շուրջ բանակցել են Հանրային հեռուստաընկերության հետ, որն էլ մինչ այս ցուցադրել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլերի հանդիպումները։

Դե իսկ երկրպագուների այն պնդումներին, թե խաղը չի ցուցադրվի վրացական ակումբի հովանավորի պատճառով, հայկական ակումբի ներկայացուցիչ Դիանա Ղազարյանն արձագանքում է. «Կարա դա ինչ-որ ազդեցություն ունենա, բայց ինչ-որ պատճառ, որ ասենք կա, չկա, էլի»։

Հանրային հեռուստաընկերության պաշտոնական պարզաբանումն այսպիսին է՝ անհամաձայնություն է եղել վրացական կողմի հետ. - «Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը չուզեց բանակցել այն ընկերության հետ, որը ուներ ցուցադրման իրավունքը»:

Հանրայինի սպորտի բաժնի պետ Կարեն Գիլոյանն «Ազատությանը» փոխանցեց՝ «Արարատ Արմենիա»-ի խաղերի ցուցադրման իրավունքները պատկանում են գերմանական ընկերության, իրենք սկզբունքորեն այլ ընկերությունների հետ չեն աշխատում։

«Իրենք ասացին՝ «եկեք իրար հետ աշխատենք, մենք ու դուք»՝ իրենց Հանրայինն ու մեր Հանրայինը, բայց մեր Հանրայինը տերը չէր իրավունքների ցուցադրման, ցուցադրման իրավունքների տերը գերմանական ընկերությունն է, իրենք չուզեցին բանակցել, ու, էդպես, չստացվեց», - նշեց Գիլոյանը։

Գիլոյանը կտրականապես հերքում է ադրբեջանական ընկերության հնարավոր ազդեցության մասին լուրերը։ «Արարատ Արմենիա»-ն էլ հայտնեց՝ խաղը կցուցադրվի ակումբի յութուբյան պաշտոնական էջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG