Մատչելիության հղումներ

Փաշինյանի ելույթը ևս մեկ քայլ էր հեղափոխական հովերը Արցախում հաստատելու առումով. «Սիվիլնեթ»-ի վերլուծաբան


Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթը ևս մեկ քայլ էր հեղափոխական հովերը Արցախում հաստատելու առումով: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Սիվիլնեթ»-ի քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը՝ շեշտելով, սակայն, որ դա դեռ բավարար չէ:

«Բայց ասել, որ Նիկոլ Փաշինյանը ընդունելի ֆիգուր է արցախյան իշխանությունների և հասարակության համար, վերջնականապես ես չեմ կարող նման բան օգտագործել։ Երեկվա հանրահավաքը, եկեք անկեղծ լինենք, որքան էլ մարդաշատ լիներ, դա բացարձակապես նման չէր էն հանրահավաքներին, որը ունենում է Նիկոլ Փաշինյանը Երևանում և Հայաստանի վայրերում։ Չեմ կարող ասել, որ սառույցը վերջնականապես կոտրվեց, Փաշինյանը ընկալելի դարձավ արցախյան հասարակության համար վերջնականապես, դա այդպես չէ։ Դա այդպես չէ, որովհետև բավականին լուրջ աշխատանք է տարվել՝ մարդկանց փորձելու համոզել, որ Նիկոլ Փաշինյանն ու թիմը եկել են հայ ընտանիքը քանդելու, հայ եկեղեցին քանդելու, հայ ավանդական արժեքները քանդելու, ավելին՝ Արցախի հողերը ծախելու», - նշեց Հակոբյանը։

2020 թվականին Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի ներքաղաքական ուղերձները վերլուծաբանը հստակ է համարում, այն է՝ Հայաստանը կլինի Արցախում արդար ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը: Բայց Հայաստանի իշխանություններն, ըստ Հակոբյանի, բացահայտ աջակցություն և ոչ մի թեկնածուի չպետք է ցուցաբերեն:

«Այս հարցում Փաշինյանն ու նրա թիմը հավանաբար պետք է զգույշ լինի, բայց բնական է, որ նրանք կունենան իրենց համար ցանկալի թեկնածուներ, ցանկալի կուսակցություններ», - ասաց Թաթուլ Հակոբյանը։ Օրինակ, վերլուծաբանը պատահական չի համարում հարթակին՝ Նիկոլ Փաշինյանի թիկունքում Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ներկայությունը:

Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին բարձրաձայնած և այդ նպատակով սահմանադրական փոփոխությունների համար ստորագրահավաք նախաձեռնած Սամվել Բաբայանին, որի անունը հանրահավաքի ընթացքում պարբերաբար վանկարկում էր հանրահավաքի մասնակիցների մի հատվածը, Հակոբյանը նկատում է՝ նրան ուղղված մեսիջներ ևս Փաշինյանի ելույթում կային։

Բաբայանը ցանկանում է, որ փոխվի Սահմանադրության այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի ընտրություններին: Եթե նման փոփոխություն կատարվի, դա հնարավորություն կտա Բաբայանին և ոչ միայն նրան, առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններին: Հակոբյանը կարծում է՝ Հայաստան-Արցախ իրավապայմանագրային այս շփոթին համակարգային լուծում է պետք տալ:

«Միշտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կլինի Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Բաբայանը կամ ինչ-որ այլ մի քաղաքական, պետական գործիչ փորձելու են սա միշտ շահարկել», - ասաց «Սիվիլնեթ»-ի վերլուծաբանը։

Ի դեպ, այս տարվա մայիսից հետո, երբ Արցախի նախագահը որպես երաշխավոր հանդես եկավ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար, Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան առաջին հրապարակային ձեռքսեղմումը տեղի ունեցավ երեկ Արցախում:

Մինչ այդ Փաշինյանը ակնարկել էր, թե Բակո Սահակյանը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պարի ընկերն է, իսկ հրապարակային միջոցառումներից մեկի ժամանակ Հայաստանի ու Արցախի ղեկավարները անգամ բառ չէին փոխանակել: Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատությանը» փոխանցեց՝ Արցախում կարևորագույն ուղերձները ընկալվել են, առանձնացրեց միասնականության ուղերձը:

«Ես ասեմ, որ առհասարակ Հայաստանի և Արցախի միջև չեն կարող լինել տարաձայնություններ։ Նույնիսկ եթե կան խնդիրներ, ինչ-որ թերի մնացած ինչ-որ թեմաներ են եղել, կլինեն դեռևս, չեն լինի, բայց չի կարող լինել հակասություն», - ընդգծեց Բաբայանը։

Նկատենք՝ հանրահավաքի ընթացքում Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հնչեցրեց «Արցախը Հայաստանն է ու վերջ» ձևակերպումը և ժողովրդի հետ միասին վանկարկեց միացում: Պաշտոնական Ստեփանակերտից շեշտում են՝ սա ամենևին էլ Արցախյան պետականության ապամոնտաժում չէ ինչպես փորձում են մեկնաբանել Ադրբեջանից:

«Միացումը չի նշանակում, որ ապամոնտաժվում է արցախյան պետականությունը, սա առհասարակ հնարավոր չէ և բերելու է անկանխատեսելի հետևանքների։ Սա պարզապես մեր իդեալն է, սա պարզապես մեր ազգային իղձեն են, որի իրականացման համար բոլորս էլ ջանք ու եռանդ չենք խնայում», - նշեց Բաբայանը։

«Սիվիլնեթ»-ի քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը համաձայն է, որ Փաշինյանի այդ հայտարարությունները համահունչ չէին Ղարաբաղյան հարցի բանակցային ոգուն, բայց և նկատում է՝ համահունչ էր այդ հանրահավաքի ոգուն: Դժվարանում է ասել Մինսկի խմբի համանախագահ երկրներից ինչպիսի արձանգանք կլինի: Հիշեցնում է՝ նմանօրինակ հայտարարություններ Հայաստանից առաջին անգամ չէ որ հնչում են:

«Օրինակ տամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը Լիասբոնի գագաթաժողովում 96 թվականի դեկտեմբերին։ 98 թվականի վաղ գարնանը արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ եթե Ադրբեջանը շարունակի իրեն այսպես պահել, ես մոտավոր եմ ներկայացնում, Հայաստանը կբռնակցի Արցախը, այսինքն կմիացնի Արցախը Հայաստանին, որին հետևեց այն ժամանակվա Ռուսաստանի արտգործնախարարի չափազանց կոշտ հայտարարությունը։ Ես հիշում եմ՝ 2001 թվականին, որովհետև անձամբ էի այդ ժամանակ ներկա Թեհրանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մոտավորապես այսպիսի հայտարարություններ արվել են։ Ամփոփելով կրկնեմ, որ վայրը և այն իրադարձությունը, որին նախորդում էր ստեղծել էին բոլոր պայմանները, որպեսզի հենց Նիկոլ Փաշինյանը հենց այդ բառապաշարը օգտագործի՝ «Արցախը Հայաստան է և վերջ», - նշեց Հակոբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG