Մատչելիության հղումներ

Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ Հայրենիքին վերստին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են․ ՀՀ նախագահ


Համահայկական խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ Հայրենիքին վերստին շաղկապվելու բացառիկ հնարավորություն են, այսօր Համահայկական ամառային 7-րդ խաղերի մասնակիցներին և հյուրերին ուղղված իր ուղերձում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է․ - «Թեև դուք գտնվում եք հայկական հինավուրց հողում, սակայն ձեզնից ոչ մեկը հյուր չէ, որովհետև իրականում դուք տուն եք եկել` ձեր հարազատ հայկական օջախ: Եկել եք մասնակցելու համահայկական միջոցառման, եկել եք վայելելու հայկական միջավայրը, հարստացնելու այն, եկել եք մրցելու և հաղթելու: Իսկ Արցախն ու արցախցին շատ լավ գիտեն, թե ինչ է հաղթանակը: Այս տարի նշվում է համահայկական խաղերի 20-ամյակը: Ուստի առավել քան խորհրդանշական է համահայկական խաղերն այս անգամ Արցախից՝ պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգից սկսելը: Հիշենք, որ 385 թվականին Մեծ Հայքի Վարազդատ թագավորը դարձավ օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոնը: Սակայն մեզ համար համահայկական խաղերը պակաս նշանակություն չունեն, քան օլիմպիական խաղերը: Համահայկական այս խաղերին խորհրդանշական երեք ջահ է վառվել` հայկական պատմական երեք տարածքներում. Կիլիկյան Հայաստանում` Մուսա լեռան ստորոտին, Արարատյան դաշտում` Խոր Վիրապում, և Արցախում՝ Տիգրանակերտում: Երեք ջահ մեզ առնվազն երեք պատգամ են փոխանցել`միասնական լինելու, մեկ Հայրենիքի շուրջ համախմբվելու և այն հզորացնելու պատգամ»:

Նախագահն ընդգծել է՝ Համահայկական խաղերը զուտ մարզական միջոցառում չեն: Սարգսյանի խոսքով՝ ի տարբերություն օլիմպիական խաղերի խորհրդանիշ հինգ օղակների, համահայկական խաղերի օղակներն այնքան շատ են, որքան հայկական աշխարհի քարտեզի բազմազանությունը:

«Աշխարհի ավելի քան 35 քաղաքներ ներկայացնող մասնակիցներ ոչ միայն մրցելու են տարբեր մարզաձևերում, այլև, միացնելով իրենց ձեռքերը, ձևավորելու են միասնություն և համերաշխության խորհրդանշող համահայկական ամուր բռունցքը: Համահայկական խաղերը սպորտի զարգացմանը խթանելուց բացի, մեր ֆիզիկական և հոգևոր առողջությունը խթանող միջոցառում են: Դրանք նաև հայրենաճանաչության և, ինչու չէ, հայրենադարձության հզոր ազդակ են, Հայրենիքին կապվելու, Հայրենիքը սիրելու և նրան մոտիկից օգտակար լինելու ազդակ», - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Մեկնարկելով Արցախի Հանրապետությունում` համահայկական խաղերը մի քանի օրից շարունակվելու են Հայաստանի Հանրապետությունում: Հուսով եմ, որ այցելությունն Արցախ և Հայաստան ձեր մեջ ամենաջերմ ու հաճելի տպավորությունները կթողնի, իսկ մեկնարկող խաղերը կպարգևեն շատ վառ ու հիշարժան պահեր: Հաջողություն և ամենայն բարիք ձեզ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG