Իրավապաշտպան Տիգրան Եգորյանը ոչ մի արտառոց բան չի տեսնում, որ «քրեորեն պատժելի արարք թույլ տված դատավորը ենթարկվում է քրեական հետապնդման»։
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ իրավապաշտպանն ընդգծեց՝ կապ չունի՝ այդ դատավորը քննել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը, թե հիմա այդ մեղադրանքի գործով դատավորն է, ընդհակառակը, ըստ Եգորյանի, «աննորմալ կլիներ», եթե նման արարքների կապակցությամբ որևէ գործողություն չձեռնարկվեր։
«Ոչ մի արտառոց բան ես չեմ տեսնում էն հարցում, երբ որևէ դատավոր, կապ չունի՝ սա էն դատավորն է, որը քննել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործը, կամ հիմա այդ մեղադրանքով գործով դատավորն է, թույլ է տալիս այնպիսի արարք, որը քրեորեն պատժելի է, և ենթարկվում է քրեական հետապնդման։ Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, ընդհակառակը՝ աննորմալ կլինի հակառակ իրավիճակը, երբ նման արարքների կապակցությամբ որևէ գործողություն չձեռնարկվի։ Այսինքն՝ ավելի բաց, ավելի թափանցիկ և ավելի բացահայտ և ազնիվ հետապնդում, քան սա էր, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում, օրենքով սահմանված՝ առայժմ բոլոր ընթացակարգերի պահպանմամբ, այն, ինչ հասանելի է մեզ ըստ հրապարակումների, ես չեմ էլ պատկերացնում», - ասաց իրավապաշտպանը։
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք հոդվածով, նրա լիազորությունները կասեցվել են։
Ըստ Գլխավոր դատախազության, դատավորն, անգամ դատարանի շենքում չլինելով, նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ թղթային արձանագրություններ է կազմել։
Դատավորի փաստաբան Երվանդ Վարոսյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել է՝ դատավորը մեղադրանքը չի ընդունում։ Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանքի առաջադրման ժամանակ Դավիթ Գրիգորյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ասել է, որ տեղի ունեցածը պայմանավորում է իր նախորդ որոշումներով։
Վարոսյանի փոխանցմամբ, իր համար ակնհայտ է, որ սա Քոչարյանի գործով դատավորի կայացրած որոշումների հետևանքն է։ Դատախազությունը կտրականապես հերքում է այս պնդումը:
Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշել է Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել, նա կմնա ազատության մեջ:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․