Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը աղբահանության հարցում «ածելու վրա է քայլում»


Երևանում աղբահանության խնդիրը այս օրերին ամենահրատապ հարցերից մեկն է: Մինչև 40 աստիճան շոգի պայմաններում աղբը չեն տանում օրերով կամ շաբաթներով: Բացի գարշահոտությունից, արևի տակ մնացած աղբը կարող է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, պնդում են մասնագետները:

Միայն այս տարվա 7 ամիսներին «Սանիթեք»-ը տուգանվել է 90 միլիոն դրամով, ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել:

Թեմայի շուրջ «Ազատության» տաղավարում բանավիճում էին Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը, «Լույս» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և ՀՅ Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը:

Ստորև՝ «Ըստ էության» հաղորդումից մի հատված․

«Ազատություն»․ - Պարոն Խաժակյան, այն, որ «Սանիթեք»-ի դեմ քրեական գործ է հարուցվել դեռ փետրվարին՝ խոշոր հարկեր չմուծելու համար, արդյո՞ք Ձեզ չի հուշում այս վիճակի պատասխանը՝ որ քաղաքապետ Հայկ Մարությանը չի գնացել ինչ-ինչ ստվերային, կոռուպցիոն գործարքների, համաձայնությունների, և ահա՝ «Սանիթեք»-ը վրեժ է լուծում, սաբոտաժ անում:

Դավիթ Խաժակյան․ - Ես դատում եմ առկա մեքենաների և դրանց աշխատելու քանակությամբ: Եթե ես իմանամ, որ կա «Սանիթեք»-ի պարկում կանգնած գեթ մեկ մեքենա, որը կարող է շահագործվել, բայց չի շահագործվում, ես կասեմ, որ դա միտումնավոր սաբոտաժ է: Դրա բացակայությանը հերքում է նաև պարոն քաղաքապետը՝ ասելով, որ չի կարծում, որ դա սաբոտաժ է: Ես էլ չեմ էդպես կարծում:

«Ազատություն»․ - Բայց հո հեղափոխությունից հետո էդ մեքենաները չանհետացա՞ն:

Խաժակյան․ - Տեսեք, որպես քաղաքական գործիչ՝ ինձ համար լավագույն լուծումը կլիներ ասել, որ «Սանիթեք»-ը ենթարկում է սաբոտաժի, որ նրանք կապ են ունեցել հին իշխանությունների հետ, և նոր իշխանություններն էլ չեն գնում որևէ համագործակցության, և դրա պատճառով իրավիճակը վատ է:

Իմ համոզմունքը հետևյալն է՝ մենք աղբահանության խնդիր տեսել ենք 17 թվականին, տեսել ենք 18 թվականին, հատկապես՝ ամռանը և ձմռան որոշ ամիսներին, և որոնք պայմանավորել ենք «Սանիթեք»-ի ռեսուրսների պակասությամբ, և էդ պակասությունը ավելի է մեծացել, խնդիրը ավելի է մեծացել, և ակնհայտ էր նախորդ տարվա ավարտին, որ այս ամառ ունենալու ենք աղբի առումով ամենավատ իրավիճակը, և դրա համար պետք էր հրատապ լուծումներ ձեռնարկել: Էդ լուծումները ուշացան մի քանի մասով, և որի արդյունքում ենք ունենք նոր եկող մեքենաներ՝ արդեն ամառը ավարտվում է, մեքենաները նոր հասնում են, և ունենք աղբամաններ, որոնք պատվիրել էին մայիս ամսին: Երբ ես տեսա այդ գնումը, զարմացա, որովհետև եթե քաղաքը պետք է ինքնուրույն ձեռք բերեր աղբամանները, ապա դա կարող էր անել հունվար-փետրվար ամիսներին գնում հայտարարելով, որի արդյունքում աղբամանները շուտ կգային:

«Ազատություն»․ - Պարոն Կարապետյան, ինչպե՞ս կարձագանքեք պարոն Խաժակյանի ասածին՝ լուծման տարբերակին, և ընդհանրապես՝ «Սանիթեք»-ը վատ է աշխատում՝ դուք էլ եք ասում, քաղաքի բնակիչներն էլ են ասում: Ի վերջո, չկա՞ մեխանիզմ՝ դադարեցնելու պայմանագիրը, նոր մրցույթ հայտարարելու, և այլն:

Հակոբ Կարապետյան․ - Հիմնական հարցադրումները՝ ինչո՞ւ ավելի շուտ չեն ձեռք բերվել համայնքային միջոցները, և ինչո՞ւ չի լուծվում «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը:

Տեսեք՝ քաղաքապետարանը, քաղաքի վարչակազմը էս հարցում ածելու վրա է քայլում, որովհետև, մի կողմից, մենք երբ չունենք բավարար ապացույցներ կամ բավարար հիմքեր, որ «Սանիթեք»-ը տապալում է աշխատանքները, մենք պետք է հանրությանը պատասխան տանք՝ ինչու ենք մենք լրացուցիչ համայնքային միջոցներ ներգրավում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար, մյուս կողմից՝ եթե մենք ուշացնում ենք, մենք հայտնվում ենք դժվարին իրադրության մեջ:

Այնուհանդերձ, նոյեմբերից մինչև հունվար ամիսը քաղաքապետը անձամբ «Սանիթեք» ընկերության ղեկավարության հետ գրեթե ամենօրյա ռեժիմով բանակցություններ, քննարկումներ, և հասկանալի է՝ բանակցությունները հենց նրանով են բանակցություն, որ հազար ու մի տարբերակներ հնարավոր քննարկվել են, և արդեն հունվարի կարծեմ երկրորդ կեսին կար պայմանավորվածություն, որ «Սանիթեք»-ը պետք է աստիճանաբար համալրի իր ռեսուրսները և հենց պետք է սկսի 1500 աղբաման բերելուց: Մարտ ամսին 200 աղբամանի տեսքով հասավ Երևան:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG