Մատչելիության հղումներ

Արևի տակ մնացած աղբը կարող է հիվանդությունների առաջացման նպաստավոր պայմաններ ստեղծել. համաճարակաբան


Աղբ Երևանի փողոցներից մեկում, արխիվ

Տապին տևական ժամանակ աղբարկղերում ու դրանցից դուրս մնացած աղբը հիվանդությունների առաջացման ու տարածման համար նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի խոսքով՝ աղբը մասնավորապես կարող է վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստել։

«Ընդհանուր աղիքային վարակների գործում նաև աղբը կարող է առանցքային դեր ունենալ։ Ոչ միայն աղբը որպես այդպիսին, այլ աղբ կա, կա նաև միջատների կուտակում, կա նաև ճանճերի կուտակում, կա նաև կրծողների կուտակում, կա նաև թափառող կենդանիների կուտակում, աղբը նաև «հրապուրիչ» է վայրի կենդանիների համար», - ասաց Լիանա Թորոսյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագտները դիտարկում են հնարավոր ռիսկերն ու դրանք ներկայացնում պատկան մարմիններին։

«Նախարարությունը բազմիցս դիտարկել է, մոնիտորինգ արվել է, էսպես ասեմ, բացերի վերլուծություն է իրականացրել, ռիսկերի գնահատում է արել և բոլոր մարմիններին, ընդհուպ մինչև տեսչական մարմիններին նաև քաղաքապետարան ներկայացրել է իրավիճակը ինչպես կարող է բարդանալ և դա ինչպիսի ուղղակի ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա», - ընդգծեց Թորոսյանը։

Իսկ արդյոք իրավիճակը ճգնաժամայի՞ն է, պաշտոնյան խուսափում է պատասխանել։ Ասում է՝ իր լիազորությունների շրջանակում չէ։ Մինչդեռ բնակիչները իրավիճակին հենց ճգնաժամային բնութագրումն են տալիս։

Քաղաքի տարբեր հատվածներում երևանցիների բողոքը նույնն է՝ աղբն անյքան է մնում աղբարկղերում, որ գարշահոտություն է տարածվում։ Ստիպված արդեն տան պատուհաններն են փակում։ Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ Լուսյան արդեն հույսը կորցրել է. չի հավատում, թե աղբահանության խնդիրը կլուծվի։ Գարշահոտ աղբարկղերն իրենց տանից ընդամենը մի քանի մետր այն կողմ են, ճանճերն ու հոտը հանգիստ չեն տալիս։

«Էս սիրուն հայաթի մեջ մենք չենք կարողանում նստենք, սենց սիրուն սարքել ենք կանաչներով, ծառերով, չենք կարում, աղջիկ էրեխեք են չեն կարում դուրսը հաց ուտեն, շոգին դե սեփական տուն ա, էն չի։ Շատ վատ են աշխատում», - նշեց տիկին Լուսյան։

Բնակիչների մի մասն էլ աղբարկղերի քանակն է քիչ համարում։ Ասում են՝ այդ պատճառով է նաև տան հարևանությամբ աղբի բլուրներ գոյանում։

Մայրաքաղաքի բնակիչները չեն դադարում զարամանալ՝ ինչն է պատճառը, որ նման իրավիճակ է ստեղծվել։ Պաշտոնական հայտարարություններին չեն հավատում, թե «Սանիթեկ»-ի մեքնենաները շարքից դուրս են եկել։ Պատճառներն այլ տեղ են փնտրում։

«Տարոնի դուրս գալու հաջորդ օրվանից էս խնդիրը առաջացավ, իմ համար դա շատ մեծ հարցական ա, ինչի՞ հատկապես հենց էդ ժամանակվանից։ Այդ հարցականը լավ կլիներ, որ ճիշտ ձևով լուծվեր», - ընդգծեց թաղամասի մեկ այլ բնակիչ։

Նոր Նորքի զանգվածում էլ են արդեն աղբակույտերը սովորական դարձել։ Բնակիչները չեն հիշում արդեն՝ երբ են վերջին անգամ աղբահավաք մեքենա տեսել։

«Տենց լցրած է, մեքենան եկավ ու չտարվ զիբիլը, էկավ կայնավ ու թողեց գնաց», - նշեց բնակիչներից մեկը։

Ավելի քան 3 ժամ քաղաքի տարբեր հատվածներում նկարահանում իրականացելու ընթացքում «Սանիթեկ» ընկերության միայն մեկ աղբահավաք մեքենա նկատեցինք, որ հենց աղբի հավաքմամբ էր զբաղվում։

Ի դեպ, վաղը Երևանում սպասվում է «Սանիթեկ» ընկերության ներակայացուցիչների ասուլիսիը, որն ավելի վաղ պետք է Թբիլիսիում անցակցվեր։ Ընկերությունից տեղեկացնում են՝ բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում, կներկայացվեն ասուլիսի ընթացքում: Ամփոփելու են 2014-ից «Սանիթեկ»-ի գործունեությունը Հայաստանում և անդրադառնալու են քաղաքային նախորդ և ներկա իշխանությունների հետ հարաբերություններին:

Թերի աղբահանության պատճառով միայն այս տարվա յոթ ամիսներին «Սանիթեկ»-ը տուգանվել է 90 միլիոն դրամով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG