Մատչելիության հղումներ

Ավստրալիայում ձևավորվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ


Ավստրալիա - Տեսարան Սիդնեյից, արխիվ
Ավստրալիա - Տեսարան Սիդնեյից, արխիվ

Հինգշաբթի օրը Սիդնեյում տեղի է ունեցել Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Միջոցառման ժամանակ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի կողմից Մասիս Մայիլյանին է փոխանցվել հատուկ հուշատախտակ՝ Արցախի հետ բարեկամական շրջանակի անդամների անվանացանկով։ Արցախի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ շրջանակին անդամակցում են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, նախարարներ, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին և ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։ Ներկայումս շրջանակին անդամակցում են շուրջ 40 գործիչներ։

Մասիս Մայիլյանը վստահություն է հայտնել, որ Արցախում կձևավորվի Ավստրալիայի հետ բարեկամության համանման շրջանակ։

Նույն օրը Սիդնեյում Արցախի պատվիրակությունը հանդիպել է Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ:

Կողմերը կարծիքներ են փոխանակել Արցախի և Նոր Հարավային Ուելս նահանգի միջև համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ նահանգի խորհրդարանը 2012 թվականին ճանաչել է Արցախի անկախությունը։

Մայիլյանը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում Բերեջիկլյանի՝ համահայկական նշանակության հարցերի առաջմղմանն ուղղված գործունեությունը, և հրավիրել է նրան այցելել Արցախ:

Հանդիպմանը մասնակցել են Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան և Օրենսդիր խորհրդի նախագահ Ջոն Աջական:

Արցախի պատվիրակությունը օգոստոսի 1-ին հանդիպել է նաև Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ, որը ղեկավարում է Ջոնաթան Օ’Դեան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG