Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն երեկ զանգել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և օգնություն առաջարկել Սիբիրում մոլեգնող անտառային հրդեհների դեմ պայքարի գործում։ Հեռախոսազանգի մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության համաձայն, Պուտինն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել Թրամփին, հավելելով, թե ռուսական կողմը անհրաժեշտության դեպքում կընդունի Թրամփի առաջարկը։ Պուտինը նաև հույս է հայտնել, թե Թրամփի զանգն ու օգնության առաջարկությունը թույլ են տալիս հուսալ, որ հարաբերությունները երկու երկրների միջև կվերականգնվեն: Երկու առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները հեռախոսակապի և անձնական հանդիպումների միջոցով։
Վերջին անգամ Պուտինն ու Թրամփը հանդիպել էին հունիսի 28-ին՝ Ճապոնիայում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում, նրանք մեկուկես ժամանոց հանդիպում էին ունեցել։
Սիբիրում անտառային հրդեհների մասին ռուսաստանցիները սկսել են ահազանգել դեռևս հուլիսի 25-ից, սակայն դաշնայաին իշխանությունները խնդրի մասին սկսել են խոսել երեկվանից: Սիբիրի հինգ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարված, այսօր կրակի դեմ պայքարում Պուտինի հրամանով ներգրավված են նաև Ռուսաստանի զինված ուժերը։
Բանակի ներգրավվածության մասին Ռուսաստանի նախագահը երեկ է հայտարարել, իսկ վարչապետ Դիմիտրի Մեդվեդևն այսօր իրավապահ մարմիններին հանձնարարել է ստուգել Սիբիրում և Հեռավոր Արևելքում անտառների դիտավորյալ հրկիզման վարկածը։
Ռուսաստանցի հայտնիները Սիբիրի անտառները հրդեհից փրկելու ֆլեշ մոբ էին սկսել, խնդրին անդրադարձել է նաև հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոն:
Ռուսաստանցիներն էլ համացանցում իրենց դժգոհությունն են հայտնում իշխանությունների անգործությունից։
Կրասնոյարսկի երկրամասի հրշեջները հայտարարել էին, որ Սիբիրում հրդեհի դեմ պետք է պայքար սկսել միայն այն ժամանակ, երբ այն սկսի սպառնալ բնակավայրերին և կարևոր ենթակառուցվածքներին։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանի խոսքով այսօր հրդեհի տարածքը կազմում է շուրջ երեք միլիոն հեկտար․ տուժել են Իրակուտսկի մարզը, Կրասնոյարսկի երկրամասը, Յակուտիան և Բուրյաթիան, այս շրջաններում գործում է արտակարգ ռեժիմ։