Մատչելիության հղումներ

Դեմոկրատները քննարկում են Թրամփի վերընտրությունը կանխելու ուղիները


ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատական հավակնորդների երկրորդ բանավեճը, Դետրոյտ, 31 հուլիսի, 2019թ.

Դետրոյտում տեղի ունեցավ 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու համար պայքարող հավակնորդների երկրորդ հանրային բանավեճը:

Դեմոկրատներն ասում են, որ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը «պաթոլոգիկ ստախոս է և դեմագոգ», ով պառակտում է հզոր երկիրը, ուստի, հարկ է թույլ չտալ նրա վերընտրությունը և հաջորդ տարվա նոյեմբերին նրան պարտության մատնելուց հետո «միավորել Ամերիկան»:

Ներգաղթ, աշխատատեղեր, կանանց իրավունքներ, իմպիչմենտ, բժշկական ապահովագրություն՝ բանավեճերում թեկնածուները հիմնականում կենտրոնանում են շարքային ամերիկացուն հետաքրքրող ներքին թեմաների վրա:

Երեկվա բանավեճին մասնակցել են նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին, սենատորներ Քորի Բուքերը (Նյու Ջերսի), Քամալա Հարրիսը (Կալիֆորնիա), Քիրսթեն Ջիլիբրանդը (Նյու Յորք), Մայքլ Բեննեթը (Կոլորադո), Նյու Յորքից կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլասիոն, քաղաքաշինության նախկին նախարար Ջուլիան Կաստրոն և գործարար Էնդրյու Յանգը:

Ըստ հարցումների, այսօրվա դրությամբ առավել բարձր վարկանիշ ունի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, և հենց նա էր մրցակիցների ուշադրության կենտրոնում ու ստիպված էր պաշտպանվել:

Բանավեճը կազմակերպած CNN հեռուստակայանի մեկնաբանների փոխանցմամբ, Բայդենը կարողացել է հակազդել և տանուլ չի տվել բանավեճը:

Քորի Բուքերը Բայդենին կշտամբել է այն բանի համար, որ դեռ Բարաք Օբամայի օրոք դեմոկրատների վարչակարգը վտարել է ապօրինի ներգաղթյալներին, սակայն բնակության իրավունք է տվել բարձրագույն կրթություն ունեցողներին:

«Պարոն փոխնախագահ, չի կարելի մոտեցումները փոխել, դիպլոմ ունես՝ արի, չունես՝ կարտաքսվենք: Դա հենց Թրամփի մեթոդն է՝ ներգաղթյալների մի մասին մյուսից ավելի բարձր դասել, ասելով, թե ոմանք «կեղտոտ» երկրներից են, ոմանք «արժանի» երկրներից», - ասել է Բուքերը:

«Մենք ներգաղթյալների երկիր ենք, մենք բոլորս: Ոմանք այստեղ են հայտնվել իրենց կամքին հակառակ, ոմանք եկել են, հավատալով, որ կարող են հիմնովին փոխել իրենց կյանքը, և շատերի մոտ դա ստացվել է»,- ասել է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

«Մենք կլինենք ամենամիասնական Դեմոկրատական կուսակցությունը: Որովհետև մենք հիմա Սպիտակ տանն ունենք սպիտակամորթ ազգայնական նախագահ և վճռական ենք նրան այնտեղից դուրս հանելու, պատմության անցողիկ, կարճատև դրվագ դարձնելու հարցում և դա է մեզ մեծապես միավորելու»,- ասել է Ջեյ Ինսլին:

«Մեզ պետք է նոր նախագահ, ով կգիտակցի, որ մենք ներգաղթյալների երկիր ենք, մեզ անհրաժեշտ է ներգաղթի օրենքների համապարփակ բարեփոխում, որը կընձեռի քաղաքացիություն շնորհելու հնարավորություն, մենք պարտավոր ենք վերջ տալ ներկայիս անմարդկային քաղաքականությանը, որը չի արտահայտում մեր ազգային արժեքները»,- ասել է Քամալա Հարիսը:

Դեմոկրատները մի շարք բանավեճեր են անցկացնելու: Ապա տարբեր փուլերով տեղի կունենան ներկուսակցական ընտրություններ, որոնց ընթացքում հավակնորդների թիվը կկրճատվի:

Կընտրվեն պատգամավորներ, ովքեր դեմոկրատական կուսակցության ազգային համագումարում կհաստատեն նախագահի և փոխնախագահի թեկնածուներին:

Այդ գործընթացը սկսվելու է հաջորդ տարվա փետրվարից և կավարտվի հունիսին: Ամերիկայի 46-րդ նախագահը կընտրվի 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG