Մատչելիության հղումներ

Լոռու Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման գործով վերականգնվել է ամբողջ վնասը՝ շուրջ 15 մլն դրամ․ ՔԿ


Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը 2007 թվականի հունվարին համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել ընկերոջը, որն աշխատանքի չի հաճախել: Բացի այդ, համայնքի ղեկավարը 2012-ի փետրվարի 1-ից համայնքապետարանում համատեղության կարգով որպես ջրագծի հսկիչ աշխատանքի է ընդունել իր եղբորը, ով նույնպես աշխատանքի չի հաճախել: Արդյունքում՝ դիտավորությամբ, վատնման եղանակով համայնքի բյուջեից յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15 միլիոն 231 հազար 651 դրամ գումար, ասված է հաղորդագրությունում:

Շամլուղի նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացում», և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք»: Նախաքննության ընթացքում մեղադրյալը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG