Մատչելիության հղումներ

Վաղարշապատի համայնքապետարանին պատճառված վնասից փոխհատուցվել է շուրջ 26 մլն դրամ․ ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 26 միլիոն դրամ գումար, այսօր հաղորդում է Քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում շարունակվող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ՝ «Յուրացնելը կամ վատնելը», և 38(հանցակցություն)-179-րդ հոդվածներով՝ մի քանի դրվագով:

ՔՕ 179-րդ հոդվածով, կրկին մի քանի դրվագով, մեղադրանքներ են առաջադրվել նաև «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին:

Էջմիածնի նախկին քաղաքապետի, «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Վերականգնված շուրջ 26 միլիոն դրամից 23 միլիոն 250 հազարը փոխանցվել է Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին, իսկ 2 միլիոն 750 հազար դրամը, որը հանդիսանում է քաղաքի տնտեսվարող սուբյեկտների կողմից դեռևս 2013 թվականից չվճարված տուրք, փոխանցվել է համայնքի բյուջե:

Նախաքննությունը շարունակվում է: «Քննություն է տարվում՝ պատճառված վնասի ամբողջական ծավալները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած բոլոր անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG