Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան կապակցությամբ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա անվանի քանդակագործ, Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Ֆրիդրիխ Սողոյանի մահվան մասին: Ֆրիդրիխ Սողոյանի աշխատանքներում միտքը, զգացմունքը և երևակայությունը հանդիպելով միմյանց՝ ինքնատիպ ձևով վերածվել են դիմաքանդակի, հուշարձանի, մոնումենտալ կոմպոզիցիայի: Լայն է ոչ միայն նրա ստեղծագործության թեմատիկան, այլև աշխարհագրությունը: Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և աշխարհի շատ այլ երկրների թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում Ֆրիդրիխ Սողոյանի ստեղծած կերպարներն ու պատկերներն են՝ իրենց ուրույն ասելիքով: Եվ այդ ամենի ակունքում Հայաստանն է ու հատկապես Սողոյանի ծննդավայր Գյումրին, որոնց արվեստագետը հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը»:

«Ֆրիդրիխ Սողոյանը նաև կենդանի կապող օղակ էր Հայաստանի և այն երկրների ու ժողովուրդների միջև, որտեղ իր երկար և բեղուն կյանքի ընթացքում նա ապրել ու ստեղծագործել էր: Ցավակցում եմ Ֆրիդրիխ Սողոյանի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը», - նշված է նախագահի ցավակցական հեռսգրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG