Մատչելիության հղումներ

Մնացականյան․ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից


Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի

Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ երկուշաբթի օրը ընդունելով Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիսի գլխավորած պատվիրակությանը:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն, երկուստեք դրական է գնահատվել վերջին շրջանում հայ-ամերիկյան բարեկամական և գործընկերային հարաբերությունների դինամիկան և ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ նպաստելու երկկողմ օրակարգի ամրապնդմանը և ընդլայնմանը՝ այդ թվում գիտակրթական, նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրատնտեսական և այլ ոլորտներում:

Կողմերը բարձր են գնահատել Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական կյանքին իր նպաստն ունեցող մեծաթիվ հայ համայնքի դերը՝ որպես Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների և կապերի ամրապնդման յուրահատուկ կամուրջ:

Արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին, Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: Մնացականյանը զրուցակիցներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

Կալիֆորնիայի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակության կազմում են Լոս Անջելեսի Կառավարիչների խորհրդի անդամ Քեթրին Բարգերը, Կոլորադոյի նահանգային սենատոր Դոմինիկ Մորենոն, Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Դանեյա Էսգարը, Արիզոնայի նահանգային սենատորներ Փոլ Բոյերը և Օթոնիել Նավարետեն և Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի անդամներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG