Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վայոց ձորի սահմանամերձ Գնիշիկ համայնքում է բաց թողել գրեթե ողջ կյանքը Հրազդանի կիրճի «Արջանոց» ռեստորանում անցկացրած Դաշա գորշ արջին և նրա երկու քոթոթներին։
Հիմնադրամի աշխատակից Վահիկ Գրիգորյանը պնդում է՝ բնություն բաց թողնված արջերի ցանկացած տեղաշարժ իրենց ուշադրության կենտրոնում է, վստահեցնում է՝ վայրի կենդանիները լավ վարք են դրսևորում և ոչ ոքի չեն խանգարում։
Մինչդեռ Գնիշիկից մի փոքր հեռու գտնվող Արփի գյուղում արդեն մեկ ամսից ավելի արջ է հայտնվել, որը բնակիչներին լարվածության մեջ է պահում։ Գյուղացիներից ոմանք համոզված են, որ դա FPWC հիմնադրամի բաց թողած արջերից է։
«Եկել էր մտել, էս փոքր ճտերի բունը սաղ քնդել, ինչ կերավ կերավ, մնացածը ջարդեց֊փշրեց, թողեց գնաց ու դրանից հետո ամեն օր գալիսա, մենք ոչ մի բան չենք կարող անել», ֊ պատմում է Արփիի բնակիչներից Ավետիք Սարգսյանը։ Ասում է՝ իրենց գլխին պատուհաս դարձած արջը արդեն հասցրել «հյուրընկալվել» համայնքի գրեթե բոլոր բնակիչներին։
Արփիի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանը բացառում է, որ այն FPWC հիմնադրամի բնություն բաց թողած արջերից մեկն է, սակայն նաև համոզված է՝ արջն իրեն բնության մեջ մեծացած կենդանու պես չի պահում. ֊ «Բնության արջը սնվում ա մրգերով, խոտով, գետի հարակից տարածքներից ձուկ ա բռնում, բայց սրա մոտ չկա դա, ինքը չի կարողանումգյուղից դուրս գա, զգացվում ա՝ դրսի արջերը չեն թողնում, տարածք չեն տալիս»։
Խնդիրը լուծելու համար դիմել են շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ի վերջո՝ արջին քնեցնելու թույլտվություն են ստացել, հետո էլ արջին բռնելու միջոցներ ձեռնարկել, թակարդներ են դրել:
Արդեն Գնիշիկում՝ Արփիից 20 կիլոմետր ավելի վերևում, FPWC֊ի աշխատակից Վահիկ Գրիգորյանն «ի պաշտպանություն» իրենց բաց թողած արջերի ընդգծեց՝ GPS-ի միջոցով մշտադիտարկման մեջ գտնվող կենդանիների ընտանիքը միշտ միասին է լինում։ Թեև տեղաշարժն արձանագրող կրիչ կա միայն մայր արջի վզին, Հիմնադրամի աշխատակիցները չեն անհանգստանում, քանի որ վստահ են՝ առայժմ քոթոթները մայրիկից հեռու չեն գնա։
Գրիգորյանը պնդեց՝ Արփիում մեկ արջ է հայտնել, ուստի արջերի ընտանիքն այս պատմության հետ որևէ առնչություն չունի։ Հավելեց՝ իրենք ունեն արջերի տեղաշարժի յուրաքանչյուր օրվա տվյալ, Արփիի դեպքերի օրերին նրանք այնտեղ չեն եղել։ Մեր այցելության պահին էլ արջերը Նախիջևանի սահմանային սարերում էին՝ 2600 մետր բարձրության վրա: