Մատչելիության հղումներ

Պետբյուջեում վերաբաշխմամբ ԱԻՆ-ին շուրջ 261 միլիոն դրամ է հատկացվել


Հայաստան - Հրշեջները անտառային հրդեհ են մարում, արխիվ
Հայաստան - Հրշեջները անտառային հրդեհ են մարում, արխիվ

Այսօր վերաբաշխում կատարելով 2019 թվականի պետական բյուջեում՝ Կառավարությունը 261 միլիոն 382 հազար 900 դրամ է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ)՝ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական տեխնիկայի համար բենզինի և դիզելային վառելիքի, բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստի, համակարգչային ծառայությունների, տպագրական ծախսերի, մեխանիզացիաների պահպանման և շահագործման, կինոլոգիական խմբի շների խնամքի, մեքենաների ապահովագրության, կենցաղային և տնտեսական ապրանքների, հատուկ նպատակային նյութերի և վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով:

«Հաշվի առնելով հրդեհների քանակի կտրուկ աճը և սեզոնային փրկարարական աշխատանքները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված մի շարք սարքավորումների և ապրանքների գնումն անհրաժեշտ է իրականացնել հրատապ եղանակով՝ գործադիրը թույլատրել է ԱԻՆ-ին գնման գործընթացը կազմակերպել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով», - ասված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այս տարի իրապես աննախադեպ քանակի հրդեհներ են լինում Հայաստանի ողջ տարածքով, և հավելյալ միջոցներից որոշակի գումար հատկացվում է հենց այս ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրներն ավելի արդյունավետ լուծվեն:

Կառավարությունը որոշել է նաև վերաբաշում կատարել այս տարվա պետբյուջեում և 270 միլիոն դրամ հատկացրել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածքի տեղագրական հանութագրման և կադաստրային գույքագրման հետ կապված գործառույթների, մասնավորապես՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման համար քարտեզագրման աշխատանքների իրականացման նպատակով: Աշխատանքներն իրականացվելու են Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակում, նախատեսվում է առաջին անգամ ստանալ Հայաստանի ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը և տեղանքի թվային մոդելը, փոխանցում է վարչապետի աշխատակազմի լրատվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG