Կառավարությունը այսօր որոշում է ընդունել 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների ու ծախսերի ավելացման սկզբունքով Ջրային կոմիտեին 450 միլիոն 517 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ որոշման ընդունումը բխում է ««Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխությունների և լրացումների մասին Կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի, և «Վեոլիա Ջուր» ընկերության միջև 2018 թվականի դեկտեմբերին կնքված համաձայնագրի պահանջից: Գումարը կուղղվի համաձայնագրով նախատեսված 12 օբյեկտներից 10-ի գծով պատշաճ ջրամատակարարում ապահովելու կապիտալ աշխատանքների իրականացմանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համաձայնագրի շրջանակում վերջին մեկ տարվա բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ է կատարելու, և հատկացված գումարով նախատեսվող աշխատանքները դրա շրջանակում են:
«Այս աշխատանքներն իրականացվելու են հավելյալ առաջացած հարկային միջոցներից, որոնք մեր քաղաքացիները վճարել են պետբյուջե, և ընդհանուր առմամբ այդ միջոցներն ուղղվում են առաջին անհրաժեշտության նմանատիպ ծրագրերին: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է. պետք է առիթը բաց չթողնել և ևս մեկ անգամ կոչ անել բարեխղճորեն վճարել հարկերը», - հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: