Մատչելիության հղումներ

Մյուլեր․ ԱՄՆ նախագահը պաշտոնը թողնելուց հետո կարող է մեղադրվել քննությունը խոչընդոտելու մեջ


ԱՄՆ - Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը վկայություն է տալիս Կոնգրեսում, Վաշինգտոն, 24-ը հուլիսի, 2019թ․
ԱՄՆ - Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը վկայություն է տալիս Կոնգրեսում, Վաշինգտոն, 24-ը հուլիսի, 2019թ․

Երեկ Կոնգրեսում լսումների ժամանակ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ասել է, որ ԱՄՆ նախագահին կարող է մեղադրանք առաջադրվել նրա պաշտոնաթողությունից հետո։ Դեմոկրատ կոնգրեսականներից մեկի հարցին՝ արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը թողնելուց հետո կարո՞ղ է մեղադրվել հետաքննությունը խոչընդոտելու մեջ, Մյուլերը դրական է արձագանքել:

Ներկայացուցիչների պալատի Հետաքննությունների հանձնաժողովում լսումների ժամանակ Մյուլերը կոնգրեսականներին ասել է, որ ԱՄՆ քաղաքական համակարգին միջամտելու ռուսների փորձը մեկանգամյա գործողություն չի եղել։ «Նրանք հիմա էլ նմանատիպ փորձեր անում են, մինչ մենք այստեղ նստած ենք, և ակնկալում են դա անել նաև գալիք ընտրարշավի ընթացքում», - հայտարարել է նախկին հատուկ դատախազը։

Հիշեցնենք՝ Մյուլերի գլխավորած հետաքննությունը ապացույցներ է գտել, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին, բայց չի գտել որևէ ապացույց, որ Թրամփը կամ նրա նախընտրական թիմը դավադրության մեջ են եղել Մոսկվայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG