Մատչելիության հղումներ

Ռուսաստանը փորձել է միջամտել 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին. Ուիլյամ Բարր


ԱՄՆ - Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը ասուլիսի ժամանակ, Վաշինգտոն, 18-ը ապրիլի, 2019թ.

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը այսօրվա ասուլիսում ասել է՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը ապացույցներ է գտել, որ Ռուսաստանը փորձել է միջամտել 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, բայց հետաքննությունը չի գտել որևէ ապացույց, որ նախագահ Թրամփը կամ նրա նախընտրական թիմը դավադրության մեջ են եղել Ռուսաստանի հետ:

«Մոտավորապես երկու տարվա հետաքննությունից հետո, հազարավոր գրություններից, հարյուրավոր հարցաքննություններից, ցուցմունքներից հետո հատուկ դատախազը հաստատել է, որ Ռուսաստանի կառավարությունը աջակցել է 2016 թվականի նախագահական ընտրություններին անօրինական միջամտության ջանքերին, բայց չի գտել որևէ ապացույց, որ Թրամփի նախընտրական թիմը կամ ուրիշ ամերիկացիներ դավադրության մեջ են եղել Ռուսաստանի փորձերի հետ», - ասել է նա:

Ուիլյամ Բարրը նաև ասել է, թե հատուկ դատախազի զեկույցը որևէ ապացույց չի ներկայացնում, որ նախագահ Թրամփը փորձել է խոչընդոտել արդարադատության կայացմանը հետաքննության ընթացքում:

Զեկույցի սեղմ տարբերակը ներկայացնելու մասին գլխավոր դատախզն ասել է, թե որևէ նյութ չի խմբագրվել՝ հիմք ընդունելով նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր արտոնությունները:

Դեմոկրատները միշտ պնդել են, որ Մյուլերի 400-էջանոց զեկույցը հրապարակվի ամբողջությամբ: Այսօր, մինչ զեկույցի սեղմ տարբերակի հրապարակումը դեմոկրատները գլխավոր դատախազին մեղադրել են Դոնալդ Թրամփին պաշտպանելու փորձերի մեջ, քանի որ նրանց կարծիքով՝ զեկույցի սեղմ տարբերակում ներառված չեն Թրամփի համար բացասական բացահայտումները:

Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին ասել է, թե Ուիլյամ Բարրը Թրամփին պաշտպանելու նպատակաուղղված միակողմանի ջանքերով խաթարել է իր հանդեպ վստահությունն ու Արդարադատության նախարարության անկախությունը: Սենատում փոքրամասնություն կազմող դեմոկրատների ղեկավար Չաք Շումերն ասել է, թե գործընթացը թունավորվել էր դեռ մինչև զեկույցի հրապարակումը:

Թրամփը Մյուլերի հետաքննությունը միշտ համարել է «վհուկների որս»՝ գործընթացը կոչելով «հեղաշրջման փորձ», որի նպատակը իրեն հեռացնելն է:

Երեկ, ռադիոհարցազրույցում Թրամփն ասել է, թե գլխավոր դատախազի ասուլիսից հետո հնարավոր է ինքն էլ հանդես գա մամուլի ասուլիսով:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մինչ ԱՄՆ-ի հատուկ դատախազ Մյուլերի զեկույցի հրապարակումը պատասխանելով լրագրողների հարցերին, այդ զեկույցին կարևորություն չի տվել:

«Դա մեզ համար խնդիր չէ: Դա մեզ չի հետաքրքրում կամ մտահոգում», - ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը՝ հավելելով, թե այդ խնդրի հետ կապված բոլոր հրապարակված զեկույցները մակերեսային հայտարարություններից բացի ոչինչ չեն պարունակում: Նրա խոսքերով՝ Կրեմլը ավելի հետաքրքիր ու կարևոր գործեր ունի:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 22 ամիս հետաքննում էր ԱՄՆ-ի 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության կասկածները: Անցած մարտի վերջերին նա ավարտել էր զեկույցն ու փոխանցել գլխավոր դատախազին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG