Մատչելիության հղումներ

Իրավիճակը Տաջիկստանի ու Ղրղըզստանի սահմանի վիճելի հատվածում հանդարտվել է


Բանակցությունները Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին, 24-ը հուլիսի, 2019թ․

Գրեթե 24 ժամ շարունակված սահմանային ընդհարումներից հետո իրավիճակը Տաջիկստանի ու Ղրղըզստանի պետական սահմանի վիճելի հատվածում հանդարտվել է: Երեքշաբթի երեկոյան այս մասին հաղորդեցին երկու երկրների իշխանությունները` նշելով, որ կրքերը հնարավոր եղավ հանդարտեցնել միայն երկու երկրների սահմանամերձ մարզերի ղեկավարների հանդիպումից հետո:

Ղրղըզական Աքսայ և տաջիկական Վորուխ գյուղերի մերձակայքում իրադրությունը սրվեց հուլիսի 22-ի երեկոյան, այն բանից հետո, երբ սահմանի վիճելի հատվածներից մեկում Տաջիկստանի քաղաքացիները փորձեցին իրենց երկրի դրոշը տեղադրել: Դրան հաջորդած լեզվակռիվը շատ արագ վերաճեց ծեծկռտուքի, ապա նաև՝ փոխհրաձգության, որի արդյունքում մեկ մարդ զոհվեց՝ տաջիկական կողմից, ևս 30-ը՝ երկու կողմից, վիրավորվեցին:

Իրավիճակն այն աստիճան էր սրվել, որ Աքսայի և Վորուխի բնակիչներից բացի ընդհարումների մեջ ներքաշվեցին նաև երկու երկրների սահմանապահներն ու ոստիկանության աշխատակիցները:

Տաջիկական կողմից որսորդական հրացանից արձակված կրակոցների հետևանքով առնվազն մեկ ղրղըզստանցի սահմանապահ էր վիրավորվել, նման տեսանյութ էր տարածել «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը: Դատելով լրատվամիջոցների հաղորդագրություններից` իրադրությունը մի պահ դուրս էր եկել թե՛ Բիշքեկի և թե՛ Դուշանբեի վերահսկողությունից: Դա էր թերևս պատճառը, որ հուլիսի լույս 23-ի գիշերը Ղրղըզստանի իշխանությունները ստիպված եղան ընդհարումների գոտուց Բատկեն մարզկենտրոն տարհանել մի քանի հարյուր կանանց, երեխաների և տարեցների:

Տաջիկա-ղրղըզական պետական սահմանի այս հատվածում սա առաջին ճգնաժամը չէր: Այստեղ իրադրությունը պարբերաբար սրվում է սահմանի հստակեցման աշխատանքների անավարտ լինելու պատճառով: Որպես հետևանք՝ սահմանի երկու կողմում գտնվող գյուղացիները պարբերաբար վեճի են բռնվում ցանքատարածությունների, ոռոգման ջրի կամ էլ արոտավայրերի պատկանելության շուրջ ծագող հակասությունների պատճառով: Սահմանի Աքսայ-Վորուխ հատվածում վերջին ընդհարումները տեղի էին ունեցել մարտին: Դրանց ընթացքում Տաջիկստանի երկու քաղաքացի էր զոհվել, շուրջ երկու տասնյակը տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

Ղրղըզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի ընդհանուր երկարությունը 970 կիլոմետր է, որից սահմանագծված է միայն 600 կիլոմետրը: Ընդհանուր առմամբ, ըստ տեղական աղբյուրների, երկու երկրների պետական սահմանին շուրջ 70 վիճելի հատված կա:

Ղրղըզստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով, առաջիկայում սահմանային վեճերի հարցը կարող են քննարկել երկու երկրների նախագահները` փորձելով նոր լիցք հաղորդել սահմանազատման աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG