Մատչելիության հղումներ

Թրամփ. «Իրանի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած սցենարով»


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 22-ը հուլիսի, 2019թ.
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հանդիպումը Սպիտակ տանը, Վաշինգտոն, 22-ը հուլիսի, 2019թ.

«Իրանի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ ցանկացած, այդ թվում՝ վատթարագույն սցենարով», - Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը հնչեց երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը, Պակիստանի վարչապետի հետ բանակցությունների ընթացքում:

Թրամփն, ի դեպ, պնդում էր, որ պատժամիջոցների և ռազմական ճնշման թիրախում հայտնված իրանցիները իրականում պետք է շնորհակալություն հայտնեն Վաշինգտոնին:

«Միացյալ Նահանգների նկատմամբ հարգալից և երախտապարտ պահվածք ցուցաբերելու փոխարեն իրանցիները հակառակ գործելաոճն են որդեգրել: Նրանք պետք է շնորհակալ լինեին այն խայտառակ [միջուկային] համաձայնագրի համար, որ նրանց հետ կնքել էր նախագահ Օբաման: Իրանցիները չպետք է այդպես վարվեն, դա մեծ սխալ է: Նման պայմաններում ինձ Իրանի հետ նոր համաձայնագրի կնքմանը ձգտելը գնալով ավելի դժվար է դառնում: Իրանցիները վատ հայտարարություններով են հանդես գալիս, և ես կարող եմ ասել, որ այդ դեպքում իրադարձությունները հեշտությամբ կարող են զարգանալ ցանկացած սցենարով, և ես դրանցից որևէ մեկի հետ խնդիր չունեմ», - պնդում էր ԱՄՆ նախագահը:

Թրամփի երեկ հնչեցրած այս հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ ամերիկացիներն առայժմ զերծ կմնան կոշտ գործողություններից` գերադասելով սպասել Իրանում ներքին խնդիրների հետագա խորացմանը:

«Այդ երկրում հսկայական տնտեսական խնդիրներ կան, Իրանը ցնցումների մեջ է, երկրի ողջ տարածքում ցույցեր են, իսկ սղաճը 75 տոկոս է կազմում», - նշում էր Դոնալդ Թրամփը:

«Եկեք սպասենք և տեսնենք, թե ի՞նչ է տեղի ունենում Իրանի հետ: Մենք պատրաստ ենք բացարձակ վատթարագույն զարգացումներին, պատրաստ ենք նաև բանականության [հաղթանակին]: Երկու տարբերակին էլ մենք պատրաստ ենք: Ամեն դեպքում Իրանը ահաբեկչությունը հովանավորող համաշխարհային առաջատարն է», - հայտարարում էր ԱՄՆ նախագահը:

Վաշինգտոնից հնչող այս հայտարարություններին ի պատասխան՝ Թեհրանը կրկին փորձում է կենտրոնանալ այն երկրների հետ աշխատանքի վրա, որոնք դեմ են Իրանի դեմ պատժամիջոցների սաստկացմանը: Խոսքը նախևառաջ Եվրամիության անդամ երկրների մասին է:

«Ես կարծում եմ, որ եվրոպացիները ցանկանում են փրկել միջուկային համաձայնագիրը, և նրանք հասկանում են, որ այդ համաձայնագիրը պետք է փրկել: Եվրոպացիները նաև հասկացել են, որ չեն կարող թույլ տալ Միացյալ Նահանգներին ճնշել իրենց: Բայց արդյո՞ք եվրոպացիները պատրաստ են անհրաժեշտ ներդրումներ անել այդ նպատակին հասնելու համար, դա այլ խնդիր է», - Կենտրոնական Ամերիկա կատարած այցի շրջանակներում հայտարարում էր Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Միջուկային համաձայնագիրը կնքած եվրոպական պետությունների և Իրանի հարաբերությունները նույնպես, այդուհանդերձ, վերջին շաբաթներին զգալիորեն սրվել են: Խոսքը նախևառաջ Լոնդոնի և Թեհրանի միջև ծավալված տանկերային պատերազմի մասին է, որի թիրախում են հայտնվել երկու երկրների դրոշների ներքո նավարկող վառելիք տեղափոխող նավերը: Այս հակամարտությունը մեկնարկեց հուլիսի 4-ին, երբ բրիտանացի ծովային հետևակայինները Ջիբրալթարի ափերի մոտ ձերբակալեցին իրանական խոշորագույն Grace 1 տանկերը: Սրան ի պատասխան՝ իրանցիները հուլիսի 18-ին նույնն արեցին բրիտանական Stena Impero նավի հետ:

Վերջին օրերին արված արբանյակային լուսանկարները վկայում են, որ տանկերն ու դրա անձնակազմը այժմ գտնվում են իրանական Բանդար-Աբաս նավահանգստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG