Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը այցելել է Ստեփանավան, Լոռի բերդ, Օձունի վանական համալիր


Նախագահ Արմեն Սարգսյանը Օձունի վանական համալիրում
Նախագահ Արմեն Սարգսյանը Օձունի վանական համալիրում

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր այցելել է Ստեփանավան, որտեղ զրույցել է քաղաքի բնակիչների հետ, Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում ծաղիկներ է դրել Հայաստանի և Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել հայ կինոյի և թատրոնի մեծ երախտավորի հիշատակին:

Բազմաթիվ փայլուն դերեր մարմնավորած մշակութային ու հասարակական անվանի գործչի հայրենի քաղաքում հուշարձանը տեղադրվել է 2014 թվականին, հեղինակը ճարտարապետ Դավիթ Մինասյանն է:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ բախտ է ունեցել Սոս Սարգսյանին անձամբ ճանաչել։ «Իմ հարգանքի տուրքը մարդուն էր, որը ոչ միայն մեծ արվեստագետ էր, դերասան, այլև՝ մեծ քաղաքացի, ով մշտապես մտածում էր իր երկրի, նրա ապագայի մասին», - ասել է նախագահը։

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Արմեն Սարգսյանը եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց Լոռի բերդում: Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար:

«Կարծում եմ՝ հիմա կրկին մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք, քանի որ ապրելով Երևանում, այս հրաշք վայրերի հետ քիչ ենք շփվում։ Աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ 10, 11-րդ դարերի ամրոցներ են պահպանված։ Եվ ոչ միայն պահպանվել են, այլ կարող ենք ծանոթանալ կրոնական-եկեղեցական ներկայությանը, կենցաղին», - նշել է Սարգսյանը:

Նա բերդը շատ տպավորիչ է համարել ոչ միայն որպես պատմական արժեք, այլև որպես յուրօրինակ ու գեղեցիկ հանգստի գոտի՝ նշելով. - «Ես չեմ պատկերացնում՝ սրանից լավ հանգիստ որտեղ կարող ենք գտնել»։ Նախագահի խոսքով՝ այդ հուշարձանը ոչ միայն հսկայական պատմական, այլև տնտեսական արժեք է և պարզապես տուրիստական գանձ։ Այստեղ հնարավոր է թե՛ պատմական տուրիզմ զարգացնել, թե՛ մշակութային միջոցառումներ կազմակերպել։ Այս թեման նա քննարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝ անդրադառնալով ընդհանրապես տարածքի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

«Սա հսկայական արժեք է, որը դեռևս օգտագործված չէ։ Պետք է օգնենք, որ այս հարստությունը բոլորինս լինի, գանք՝ ճանաչենք, օգտվենք և մեր երեխաներին բերենք, որպեսզի իրենց հայրենիքը ճանաչեն ու սիրեն», - ընդգծել է Արմեն Սարգսյանը։

«Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց: Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը», - ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Օձունի վանական համալիր, որը եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը:

Նախագահը եկեղեցում գտնվող մյուս հավատացյալների հետ միասնական աղոթք է հնչեցրել և մոմ վառել։ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի մասին պատմող գիրք է նվիրել նախագահին։ Հովհաննես Օձնեցին Ամենայն Հայոց կաթողիկոս է եղել 717 -728թթ., Հայ Առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքը։

Նախագահ Սարգսյանը զրուցել է նաև վանական համալիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների հետ, հետաքրքրվել նրանց տպավորություններով և հորդորել այցելել նաև Հայաստանի այլ պատմամշակութային վայրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG