Մատչելիության հղումներ

Դատական իշխանությունում կան խնդիրներ, որոնք հետևանք են քաղաքական կոնյունկտուրայի․ Վլադիմիր Վարդանյան


ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, արխիվ

Պետք է ընդունել, որ դատական համակարգում հայտնվել են նաև պատահական մարդիկ, որոնք ո՛չ մասնագիտական, ո՛չ բարոյական կարողություններով չէին կարող հայտնվել այդ պաշտոնում։ Ասել, որ դատական համակարգի հետ կապված որևիցե իրավական միջամտություն անթույլատրելի է, դա այդպես չէ։ Այս կարծիքին է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Որովհետև մենք, ի վերջո, ունենք դատական իշխանությունում խնդիրներ, որոնք հետևանք են եղել ոչ թե իրավական գործընթացների, այլ քաղաքական կոնյունկտուրայի։ Եվ քաղաքական կոնյունկտուրայի ազդեցության ներքո մենք ունեցել ենք այն խնդիրները, որոնք առկա են այսօր։ Եվ այսօր ասել, որ, գիտե՞ք, դատական իշխանությունը անձեռնմխելի է, ես երկու ձեռքով կողմ եմ, բայց սրա հետ զուգահեռ չընդունել, որ դատական իշխանությունում առկա են խնդիրներ, և որ այդ խնդիրների ծագման պատճառը ոչ թե իրավական գործընթացներն են, այլ՝ քաղաքական կոնյունկտուրային լուծումները, սա առնվազն սխալ կլիներ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Վարդանյանը:

Երեկ Tert.am-ի հետ հարցազրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը նշել էր. - «Դատական իշխանության անկախության գլխավոր գրավականը վերջիններիս անփոփոխելիությունն է: Եթե նրանք քաղաքական դրդապատճառներով կարող են փոխվել, ապա մոռացեք, որ իրենք ընդհանրապես անկախ են, որովհետև օրվա քաղաքական իշխանությունը որոշելու է, թե ով է լինելու դատական իշխանությունը»:

Արձագանքելով այս հայտարարությանը՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց. - «Եթե խոսքը վերաբերի դատական իշխանությանը, որը ձևավորվել է հավուր պատշաճի, իրավունքի նորմերի պահպանման վրա, և քաղաքական իշխանությունը, ըստ էության, նպատակ է հետապնդում իր համար լոյալ դատավորներ բերել, իհարկե այո: Բայց եթե գործընթացների հիմքում ընկած է եղել ոչ թե իրավական լուծումը, իրավական կանոնակարգումը, այլ՝ քաղաքական կոնյունկտուրային լուծումը, ապա այն ժամանակ և այսօր էլ այդ անձինք կամ այդ երևույթները դատական համակարգում որևիցե աղերս չունեն դատական համակարգի հետ»։

«Այսինքն, այլ կերպ ասած, էն մարդը, որ արժեքներով և իր մասնագիտական և բարոյական կարողություններով զբաղեցրել է դատավորի պաշտոնը և պատշաճ դա իրականացնում է, իհարկե այն անձեռնմխելի է: Այն մարդը, որը, օրինակ, կոպիտ ասած, կաշառքով է տվյալ պաշտոնը զբաղեցրել, կամ իր համար շատ խնդրել են, կամ ինքը եղել է ինչ-որ մի դատավորի ինչ-որ մի բարեկամ և դրա հիման վրա շատ արագ զբաղեցրել է որոշակի պաշտոն, և որպես արդյունք՝ նա չունի այն բավարար մասնագիտական գիտելիքները, որը անհրաժեշտ է, որպեսզի վերջինս դատավոր ճանաչվի, իհարկե այդ մարդը ունենալու է խնդիր», - շարունակեց Վարդանյանը՝ շեշտելով․ - «Բայց նույնիսկ այս պարագայում մենք չենք խոսում նրա մասին, որպեսզի այդ բոլոր մարդիկ զուտ մամլո հրապարակման հիման վրա պաշտոնից դուրս գան, ոչ: Եթե մարդը պրոֆեսիոնալ չէ, վաղ թե ուշ նա թույլ է տալու կարգապահական խախտում և ենթարկվի պատասխանատվության: Եթե մարդը թաքցրել է պետությունից գումարներ, վաղ թե ուշ՝ հայտարարագրերի կամ այլ միջոցներով, դա վրա է հասնելու, և անձը ենթարկվելու է պատասխանատվության: Սա է ամբողջ խնդիրը: Որևիցե մեկը քաղաքական հաշվեհարդար տեսնելու ո՛չ ցանկություն, ո՛չ հավես նամանավանդ, չունի»:

Սահմանադրական դատարանում կա՞ ճգնաժամ, թե՞ ոչ։ Հրայր Թովմասյանը պնդում է. «Չկա սահմանադրական ճգնաժամ և կա արդյունավետ աշխատանք, ինչին դուք ականատես եք լինում»։

«Եթե ճգնաժամ ենք դիտարկում այն, որ Սահմանադրական դատարանը չի ձևավորվում կամ չի կարող որոշում կայացնել, ապա այո, ճգնաժամ չկա։ Եթե մենք անդրադառնում ենք այն խնդրին, որ Սահմանադրական դատարանի և դատական իշխանության նկատմամբ վստահության որոշակի պակաս կա, և սա ևս կարելի է դիտարկել որպես ճգնաժամ, ապա այո, ճգնաժամ կա», - ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Ի դեպ, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման երկու ճանապարհ է տեսնում. - «Կա՛մ Հրայր Թովմասյանը, որը դիտավորյալ օգտագործելով անցումային կարգավորումները, սպասարկել է կուսակցական և անձնական շահը և, ըստ էության, իր կյանքի տևողությամբ սահմանափակել Սահմանադրական դատարանի փաստացի համապատասխանությունը Սահմանադրության տեքստին, պետք է հրաժարական տա, կա՛մ մենք գնում ենք սահմանադրական փոփոխությունների: Դատարանը պետք է ձերբազատվի կուսակցական դատարանի, կուսակցական որոշումներով ու կուսակցական նպատակահարմարությամբ ձևավորված հանրային ընկալումից»: Նազարյանի պնդմամբ՝ այս Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում չի ունենա լեգիտիմություն:

Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցություններից՝ «Բարգավաճ Հայաստան»-ից և «Լուսավոր Հայաստան»-ից, առայժմ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի համոզմամբ՝ «անվիճելի է, որ Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ կա»։

«Ճգնաժամը պետք էր հնարավորինս արագ հանգուցալուծել, բայց մենք տեսնում ենք, որ հանգուցալուծման ուղղությամբ որևէ քայլ չի արվում, և ճգնաժամը շարունակվում է։ Ազգային ժողովը և Կառավարությունը պետք է ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ առաջնային քայլերը իրենք պետք է անեին: Մենք գիտենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի 7 թափուր տեղ կա այս պահի դրությամբ, բայց, չգիտես ինչու, Կառավարությունը, որի հերթն է թափուր տեղերի համար առաջադրումներ կատարելու, չի շտապում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Շուշանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG