Մատչելիության հղումներ

ԲԴԽ անդամ․ Դատավոր Գրիգորյանը կասկած է հայտնել, թե խուզարկությունը կարող է կապ ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ


Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյան
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյան

Սահմանադրական կարգի տապալան մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին երկու ամիս առաջ կալանքից ազատած դատավոր Դավիթ Գրիգորյանն այսօր լրագրողներին խնդրեց հարգել իր անմեղության կանխավարկածը, երբ նրան հարց ուղղեցին, թե ինչ կարող է ասել Դատախազության այսօրվա հայտարարության կապակցությամբ:

Դատախազության՝ ժամեր առաջ տարածած հաղորդագրության համաձայն, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում երկու օր առաջ Հատուկ քննչական ծառայության իրականացրած խուզարկությունը և առգրավումը ունեցել են մեկ նպատակ՝ ձեռք բերել հաստատող կամ հերքող փաստական տվյալներ, թե արդյոք դատավոր Գիգորյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:

Դատավոր Գրիգորյանը ակնհայտորեն հակված չէր պատասխանել լրագրողների հարցերին, որոնք նրան սպասում էին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ, ուր նրան սպասում էին նաև գործընկեր դատավորները՝ քննարկելու Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը:

Դավիթ Գրիգորյանը, ըստ էության, հարցերին չպատասխանեց նաև քննարկումից հետո:

Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր կարծիք հայտնեց, որ ՀՔԾ գործողությունները դեռևս որևէ խոչընդոտ չեն հարուցել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատանքի համար․ - «Էս պահի դրությամբ կարող եմ ասել՝ այն փաստաթղթերը և այն տեղեկատվությունը, որն ունի Բարձրագույն դատական խորհուրդը, այս պահին որևէ խոչընդոտ չի նկատել: Դրա համար հատուկ հրավիրել ենք Դավիթ Գրիգորյանին, որպեսզի նա ներկայացնի ստեղծված իրավիճակը, հետո կողմնորոշվենք»:

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը արդեն քննարկումից հետո ուշագրավ հանգամանք փոխանցեց․ դատավոր Գրիգորյանը կասկած է հայտնել, որ ՀՔԾ խուզարկությունը իրականում կարող է կապված լինել Ռոբերտ Քոչարյանի գործով իր որոշման հետ․ - «Մենք իր հետ խոսել ենք նաև այդ գործի հետ կապված: Ինքը հայտնեց իր կասկածները, որ կարող է կապ ունենալ այդ գործի հետ»:

Դատախազության այսօրվա հաղորդագրության համաձայն, դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, այլ դեռևս այս փետրվարին մի քաղաքացու ներկայացրած բողոքի հիման վրա է ընթացք տրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG