Մատչելիության հղումներ

«Ռուսթավի 2»-ի ղեկավարությունը փոխվում է


Վրաստան - Պաատա Սալիան զրուցում է լրագրողների հետ, Թբիլիսի, 19-ը հուլիսի, 2019թ․
Վրաստան - Պաատա Սալիան զրուցում է լրագրողների հետ, Թբիլիսի, 19-ը հուլիսի, 2019թ․

Այսօրվանից «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Պաատա Սալիան: Լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրել է թե չի պատրաստվում միջամտել ընդդիմադիր դիրքերից հանդես եկող հեռուստաընկերության խմբագրական քաղաքականությանը և կրճատել աշխատակիցներին:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջնորդած ընդդիմադիր ուժին հարող հեռուստաընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան երեկ հայտարարել է, թե Սալիան եկել է «Ռուսթավի 2»՝ «թաղելու երկրում ժողովրդավարությունը»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից նախօրեին հրապարակված որոշման համաձայն՝ Վրաստանում մեծ ժողովրդականություն վայելող հեռուստաընկերության բաժնետոմսերի 60 տոկոսը պատկանում է գործարար Կիբար Խալվաշիին, ով ենթադրաբար կապեր ունի իշխանությունների հետ։ Նա հեռուստաընկերության սեփականատերն էր 2004-2006 թվականներին: ՄԻԵԴ-ի վճռի հրապարակումից հետո հեռուստաընկերության ղեկավար կազմը որոշում է ընդունել Գվարամիային գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինել Պաատա Սալիայով, ով մինչ այդ Խալվաշիի իրավաբանն էր:

Վրաստանի թերևս ամենաազդեցիկ այս լրատվամիջոցը հայտնի է իշխանությունների հասցեին իր կոշտ քննադատությամբ: Վրացական ներկայիս իշխանությունների կարծիքով՝ «Ռուսթավի 2»-ը ծառայում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության շահերին: Հենց այս մեղադրանքներին զուգահեռ էլ ծագեց վեճը, թե ում է պատկանում լրատվամիջոցը:

Խալվաշին 2017 թվականին հանկարծակի հայտարարեց, թե Սաակաշվիլիի մերձավորները 2006-ին իրեն ստիպել էին վաճառել հեռուստաընկերության բաժնետոմսերը: Առաջին հայացքից տնտեսվարող սուբյեկտների այս վեճը երկրում խորը մտահոգությունների, մինչև անգամ բողոքի բազմամարդ ակցիաների տեղիք էր տվել:

«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը վերջերս միջազգային սկանդալի կենտրոնում էր հայտնվել եթերում լրատվամիջոցի առաջատար լրագրողի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG