Մատչելիության հղումներ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ ՀՔԾ-ն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը


Դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ժամանակ, մայիս, 2019թ․
Դատավոր Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության ժամանակ, մայիս, 2019թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հաստատում է՝ Հատուկ քննչական ծառայությունն առգրավել է իր աշխատանքային համակարգիչը: «Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը ձեռնպահ մնաց պնդումներից, թե իր նկատմամբ հնարավոր է հետապնդում է իրականացվում՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործի պատճառով:

«Ազատություն»․ - Ես ուզում էի Ձեր խուզարկման հետ կապված մի քանի հարց ճշտել: Ինչպե՞ս եք գնահատում․․․

Դավիթ Գրիգորյան․ - Ես այդ կապակցությամբ որևէ բան չեմ կարող Ձեզ հիմա ասել:

«Ազատություն»․ - Դուք հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք այստեղ:

Գրիգորյան․ - Ես ոչ մի բան հիմա Ձեզ չեմ կարող ասել, իմ դիրքորոշումը, երբ որ ժամանակը գա, ես կհայտնեմ:

«Ազատություն»․ - Իսկ առգրավվե՞լ է Ձեր համակարգիչը, ինչպես նշվում է:

Գրիգորյան․ - Այո:

«Ազատություն»․ - Իսկ ի՞նչ գործի շրջանակներում են այդ գործողություններն իրականացվել:

Գրիգորյան․ - Ես հիմա չեմ ուզում դրա մասին խոսել, ես իմ դիրքորոշումը ավելի ուշ կհայտնեմ:

«Ազատություն»․ - Իսկ Քոչարյանի գործի հետ Դուք սա կապո՞ւմ եք՝ ողջ այս գործընթացը:

Գրիգորյան․ - Դե ես ասում եմ, էլի, որ իմ դիրքորոշումը հետո կասեմ:

«Ազատություն»․ - Ինչի՞ց եք Դուք խուսափում, ի վերջո, կարծես թե․․․

Գրիգորյան․ - Ես չեմ խուսափում, պարզապես ես պետք է ամբողջական դիրքորոշում վերջնական կազմավորեմ, նոր հետո ամբողջական տեսքով կհայտնեմ:

«Ազատություն»․ - Պարզապես մամուլում Դուք չէիք բացառել, որ հնարավոր է, որ այս ամբողջ գործընթացը կապված լինի Քոչարյանի գործի հետ:

Գրիգորյան․ - Ես նման բան չեմ ասել:

Հիշեցնենք, դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին կայացրած որոշմամբ կալանքից ազատեց Հայաստանի երկրորդ նախագահին, իսկ գործի վարույթն էլ կասեցրեց՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։

Երեկ հաղորդվեց, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, աշխատասենյակը կնքվել է: ՀՔԾ-ից հաստատել են, որ խուզարկություն տեղի է ունեցել ծառայությունում քննվող գործի շրջանակում, թե ինչ գործի՝ չեն մանրամասնել:

Ի դեպ, քաղաքացիներից մեկը դեռևս մարտին հաղորդում է ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ՝ Հատուկ քննչական ծառայություն: Նրա փաստաբան Գարիկ Մալխասյանն «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց մանրամասնել, թե ինչ գործի հետ կապված է հաղորդում ներկայացրել: Ամեն դեպքում, փաստաբանը չբացառեց, որ դատավոր Գրիգորյանի գրասենյակում ՀՔԾ-ի իրականացրած խուզարկությունը կարող է կապ ունենալ իր վստահորդի ներկայացրած հաղորդման հետ:

«Ազատություն»․ - Ձեր վստահորդը ներկայացրել է հաղորդում Հատուկ քննչական ծառայություն, և այդ դիմումի շրջանակներո՞ւմ է խուզարկություն տեղի ունեցել:

Գարիկ Մալխասյան․ - Ճիշտ ասած, մենք տեղեկացված չենք՝ էդ գործի շրջանակներո՞ւմ է, թե՞ ոչ, ամեն դեպքում, էս պահին էս տեղեկությունից ավել ինֆորմացիա չենք կարող տրամադրել՝ մենակ էն, որ, հա, ունենք վստահորդ, ով հաղորդում է ներկայացրել Դավիթ Գրիգորյանի մասով:

«Ազատություն»․ - Իսկ ե՞րբ է ներկայացրել այդ հաղորդումը:

Մալխասյան․ - Մարտին, եթե չեմ սխալվում: Վաղուց է եղել, հա, վաղուց է եղել էդ հաղորդումը:

«Ազատություն»․ - Բայց Դուք չեք կարող անել պնդում, որ խուզարկությունը Ձեր վստահորդի հաղորդման շրջանակներում էր:

Մալխասյան․ - Միանշանակ չեմ կարող ասել, ճիշտն ասած, ես տեղեկացված չեմ, տեղեկություն չունեմ՝ էդ գործի շրջանակներում է, թե չէ:

«Ազատություն»․ - Իսկ Ձեր վստահորդը պաշտոնյա՞ է, թե՞․․․

Մալխասյան․ - Պաշտոնատար անձ չի, չէ:

«Ազատություն»․ - Անուն-ազգանունը չեք ցանկանում հրապարակել:

Մալխասյան․ - Էս պահին ձեռնպահ կմնամ, լա՞վ, թողնենք պաշտոնական հրապարակումը լինի, նոր, Ձեր հարցերին կպատասխանենք սիրով:

«Ազատություն»․ - Ամեն դեպքում, չեք էլ կարող բացառել, որ դա կարող է և նաև Ձեր վստահորդի գործի շրջանակներում լինի:

Մալխասյան․ - Իհարկե, եթե ես տեղեկություն չունեմ, միանշանակ ես չեմ կարող բացառել և չեմ էլ կարող հաստատել, Դուք իրավացի եք:

«Ազատություն»․ - Իսկ ի՞նչ գործ է, մոտավորապես․․․

Մալխասյան․ - Եկեք էսքանով սահմանափակվենք, լա՞վ:

«Ազատություն»․ - Իսկ հարցաքննվե՞լ է այդ հաղորդման շրջանակներում Դավիթ Գրիգորյանը:

Մալխասյան․ - Ես չգիտեմ՝ Դավիթ Գրիգորյանը հարցաքննվե՞լ է, թե՞ չէ, տեղեկություններ չեմ տիրապետում, իրականում չեմ տիրապետում:

«Ազատություն»․ - Նկատի ունեմ՝ առերեսում գոնե եթե լիներ, Դուք տեղյակ կլինեիք:

Մալխասյան․ - Ես ստիպված եմ, էլի, նորից ներողություն խնդրել, էդքանով խնդրում եմ էս պահին սահմանափակվենք:

«Ազատություն»․ - Պարզապես մի ճշտում՝ քրեական գործը ե՞րբ է հարուցվել Ձեր վստահորդի դիմումի հիման վրա:

Մալխասյան․ - Ես Ձեզ նորից եմ խնդրում՝ այլ հարցեր մի տվեք, որովհետև իրականում պատասխանել էդ հարցերին էս պահին չեմ կարող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG