Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարի հետ


ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարի և Հայաստանի ԱԺ նախագահի հանդիպումը, Վաշինգտոն, 16-ը հուլիսի, 2019թ․

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելի հետ:

ԱԺ խոսնակը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդող քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից աջակցության կարևորությունը: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները, երկրի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային կայունությանը, էներգետիկ անվտանգությանը և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Միրզոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Ազգային ժողովրդավարական և Միջազգային հանրապետական ինստիտուտների՝ Հայաստանի Ազգային ժողովի հետ համատեղ ծրագրերի կարևորությանը, որոնք ուղղված են խորհրդարանի կարողությունների զարգացմանն ու բարեփոխումների օրակարգին նպաստելուն:

Կողմերը մեծապես կարևորել են հայ-ամերիկյան հարաբերություններում առկա մեծ ներուժի բացահայտումն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը:

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը նույն օրը ԱՄՆ մայրաքաղաքում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Միրզոյանը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարեւորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու խորհրդարանի օրակարգում գտնվող բարեփոխումները:

Ելույթով հանդես է եկել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով աշխարհում ժողովրդավարությանը սպառնացող վտանգների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG