Մատչելիության հղումներ

Սևանի մակարդակը չի բարձրացվել, որովհետև «հարակից տարածքների օբյեկտները մնալու էին ջրի տակ»


Սևանա լճի վիճակը վերջին օրերին դարձել է հանրային քննարկման թերևս թիվ մեկ թեման: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արդեն իսկ ահազանգել է լիճը կորցնելու վտանգի մասին, ինչը ակնհայտորեն ազգային անվտանգության խնդիր է:

Բնապահպանական խնդրին զուգահեռ՝ ոլորտին քաջատեղյակները սկսեցին բարձրաձայնել բնագավառում առկա համակարգված կոռուպցիայի մասին:

«Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հյուրն է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Ստորև՝ հատված հաղորդումից․

«Ազատություն»․ - Պետք է մակարդակը բարձրացվի, բայց 11 թվականից չի արվել: Ինչո՞ւ չի արվել:

Արթուր Գրիգորյան․ - Ըստ պաշտոնական մոտեցման՝ որովհետև ջրօգտագործող ընկերությունները Արարատյան դաշտի կեղծ տվյալներ են ներկայացրել, որ պետք է շատ ջուր, արդյունքում՝ շատ ջուր են բաց թողել, բայց․․․

«Ազատություն»․ - Այսինքն՝ ջուրը հոսել է Սևան, բայց Սևանից ավելի շատ ջուր է հոսել ի օգուտ ջրօգտագործողների, և արդյունքում՝ ջրի մակարդակը չի բարձրացել, ճի՞շտ եմ Ձեզ հասկանում:

Գրիգորյան․ - Այո, ճիշտ եք հասկանում, և պաշտոնական մեկնաբանությունը դրա այն է, որ ջրօգտագործող ընկերությունները կեղծ տվյալներ են ներկայացրել: Բայց հարց է առաջանում՝ լավ, ի վերջո, դուք ջրի մակարդակի հետ եք խաղում՝ էդ ինֆորմացիան ստուգելո՞ւ հնարավորություն չկար, թե արդյո՞ք միայն դա է, թե իրականում․․․

«Ազատություն»․ - Հետևաբար, Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սևանա լճի մակարդակը ութ տարի՝ 11 թվականից ի վեր, ասացիք, չի փոխվել, ութ տարի մնացել է նույնը, և Ձեր կարծիքով, փաստորեն, դա է առաջին պատճառը, որ մենք Սևանում հիմա ունենք այս խնդիրը:

Գրիգորյան․ - Այո, դա ոչ միայն իմ կարծիքն է՝ նաև մասնագետների, և իմ գնահատմամբ՝ չի արվել, որովհետև հարակից տարածքների օբյեկտները մնալու էին ջրի տակ: Թե որքան է օրինական․․․

«Ազատություն»․ - Այսինքն՝ այդ օբյեկտները ինչ-որ ազդեցիկ, հարուստ մարդկանց են պատկանում․․․

Գրիգորյան․ - Այդ օբյեկտները շատ ազդեցիկ, շատ հարուստ մարդկանց են պատկանում և ոչ միայն օբյեկտներ են, այլ նաև՝ տներ, առանձնատներ: Շորժայի ափով գնացեք, տեսեք՝ ինչ առանձնատներ են, ում են դրանք պատկանում:

«Ազատություն»․ - Ինչ-որ անուններ կարո՞ղ եք տալ:

Գրիգորյան․ - Այո, դրանք շրջանառվող անուններ են՝ մամուլում և ամենուր․ Վովա Գասպարյան, Արամ Հարությունյան՝ նախկին բնապահպանության նախարարը, որ այսօր հետախուզման մեջ է գտնվում, տեղական որոշ չինովնիկներ են, որոնք ևս ունեն այդ տարածքում վարձակալված, այսպես ասենք, հողատարածքներ և ուղղակի պարսպապատած, կայուն շինություններով, դրանց մեջ նաև մի եկեղեցի կա կառուցված՝ դժվար չի կռահել, թե ում տունը դա կարող է լինել․․․

«Ազատություն»․ - Հավանաբար ի նկատի ունեք Վլադիմիր Գասպարյանի՞ն:

Գրիգորյան․ - Այո, իհարկե՝ ըստ խոսակցությունների, ես չեմ տեսել վկայականներ՝ ինչ-որ վարձակալության իրավունքի, կամ ինչ-որ կառուցապատման իրավունքի: Բայց այն, որ այդ տարածքում առանձնատներ են կառուցված և դրանք ինչ-որ մեկին պատկանում են, ինչ-որ ոմանց պատկանում են, դա փաստ է:

«Ազատություն»․ - Այդ երկու, այսինքն՝ Վլադիմիր Գասպարյան, Արամ Հարությունյան, ուրիշ անուններ չկան:

Գրիգորյան․ - Կան անուններ, պարզապես դրանք տեղական նշանակության անուններ են, հասարակությանը ոչինչ չեն ասում:

«Ազատություն»․ - Դու կարծում եք՝ այդ մարդիկ այդքան ազդեցություն ունե՞ն, որպեսզի նրանց առանձնատները չհայտնվեն, կամ՝ մի մասը, ջրի տակ, իրենք խոչընդոտում են Սևանա լճի մակարդակի բարձրացմա՞նը:

Գրիգորյան․ - Կա՞ արդյոք որևէ այլ մեկնաբանություն՝ ինչու չի արվում այդ գործողությունը, ինչու չեն գնահատվում: Չէ՞ որ վարչապետի հանձնարարականով ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր էդ վարձակալության տրված տարածքների օրինականությունը՝ դեռ հունվար ամսին, և պետք է մեկ ամսվա ընթացքում տային կարծիք: Տրվե՞լ է այդ կարծիքը․ ես չգիտեմ․․․


Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG