Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավորները Սևանա լճից նմուշառում են կատարել, այն կուղարկեն Վրաստան՝ փորձաքննության


ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Սևանի ճահճացած հատվածից վերցրել են կապտականաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ և այն կուղարկեն Վրաստան՝ լաբորատոր փորձաքննության։

«Այս պահին մենք գտնվում ենք Սևանում և Սևանի ճահճացած հատվածից վերցրինք կապտականաչավուն ջրիմուռների և ջրի փորձանմուշ, որն անմիջապես ուղարկելու ենք Վրաստան՝ հատուկ լաբորատոր փորձաքննության», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նաև ընդգծել է՝ Սևանի հարցն իրենց համար ազգային անվտանգության խնդիր է։

«Մեկ բան հստակ է. Սևանի հարցը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է և օր առաջ պետք է ստեղծել Սևանի փրկության հատուկ հանձնաժողով», - գրել է պատգամավորը՝ տեղեկացնելով, որ առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հրավիրելու է խորհրդարանական լսումներ, որտեղ մասնագետների հետ համատեղ կներկայացնեն Սևանի փրկության իրենց տեսլականը:

Դեռ հուլիսի սկզբին բնապահպաններն ահազանգեցին՝ Սևանա լիճը կապտականաչավուն գույն է ստացել, այն ծաղկում է:

Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը Սևանի ծաղկման պատճառների թվում նշեց մարդկային գործոնն՝ ասելով, որ լճին կապատականաչավուն գույն հաղորդող ջրիմուռների տարածման գլխավոր պատճառներից մեկը Սևան թափվող կոյաջրերն են։

Փորձագետները Սևանից իրականացվող ջրառը նաև կապեցին կապտականաչավուն ջրիմուռների տարածման հետ, ինչպես նաև ձկան, խեցգետնի պաշարնների նվազմամբ ու բարձր ջերմաստիճանով։ Անցած տարի ևս Սևանում նույն խնդիրն էր ծագել։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդարանում պարզաբանեց՝ Սևանի կանաչելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ լճում կար սառը շերտ, որը լճի մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր։

Վերջին օրերին Սևանի անսովոր գույնն ու հոտը սկսել են նահանջել։ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը լճի տարբեր հատվածներից նմուշառում է կատարել և ասում է, որ կապտականաչ ջրիմուռները սկսել են քայքայվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG