Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և զարգացման հեռանկարներին:
Ելույթից հետո ներկա ԱՄՆ պետական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ ծավալվել է շահագրգիռ քննարկում Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումների, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի զարգացման և այլ հարցերի շուրջ, հաղորդում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:
Օրվա ընթացքում Ազգային ժողովի խոսնակը National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը և մեդիային աջակցության տրամադրման հարցը:
Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Սքոթ Մեսքիթին: Կողմերը քննարկել են Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի օրակարգը:
Օրվա ավարտին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ և մտքեր փոխանակել Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների և խորհրդարանի աշխատանքների վերաբերյալ: