Մատչելիության հղումներ

Չնայած ԵՄ պատժամիջոցներին՝ Թուրքիան կշարունակի աշխատանքները Կիպրոսի ափերին


Կիպրոսի հյուսիսային հատվածը, արխիվ
Կիպրոսի հյուսիսային հատվածը, արխիվ

Թուրքիան կշարունակի Կիպրոսի ափերին երկրաբանական աշխատանքները՝ չնայած Եվրամիության պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը:

Անկարան մայիսից Կիպրոսի ափամերձ շրջաններում երկրաբանական հետախուզման աշխատանքներ է իրականացնում՝ հարուցելով Եվրամիության անդամ երկրների զայրույթը: Նախօրեին Բրյուսելը սառեցրել է Անկարայի հետ բարձր մակարդակի շփումները և հայտարարել Թուրքիային ֆինանսական աջակցությունը սառեցնելու մասին: Եվրամիության ղեկավարությունը բանկերին խորհուրդ է տվել վերանայել թուրքական պետական նախագծերի ֆինանսավորման պայմանները:

Եվրամիությունն ապօրինի է համարում Թուրքիայի գործողությունները Կիպրոսի ափամերձ շրջաններում, որտեղ Անկարան փորձում է նավթ և գազ արդյունահանել: Անկարան պնդում է, որ օրինական են իր գործողությունները, որոնց համար արտոնագիր է ստացել Հյուսիսային Կիպրոսի իշխանություններից: Եվրամիության անդամ երկրներն այդ արտոնագիրը չեն ճանաչում:

Կիպրոսի ափերից ոչ հեռու գազի մեծ պաշարների շուրջ աղմուկը չի մարում 2011 թվականից: Մասնագետների գնահատմամբ՝ «Աֆրոդիտե» կոչվող հանքավայրում գազի պաշարները հասնում են 140 միլիարդ խորանարդ մետրի: Կիպրոսի հյուսիսային հատվածը վերահսկող Թուրքիան վիճարկում է Նիկոսիայի բացառիկ իրավունքները գազի հանքավայրի հանդեպ: Մոտ մեկ ամիս առաջ Թուրքիան այս շրջան է ուղարկել նախ հորատման համար նախատեսված «Ֆաթիհ» նավը, ապա` երկրորդ նմանատիպ նավ` արդեն ռազմածովային ուժերի ուղեկցությամբ, արևմտյան դաշնակիցների հորդորներին հակառակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG