Մատչելիության հղումներ

Եվրամիությունն ապասառեցնում է ֆինանսական օգնությունը Մոլդովային


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հան, արխիվ
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հան, արխիվ

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում Մոլդովային կհատկացնի 14,5 միլիոն եվրո ֆինանսական օժանդակություն, որը սառեցվել էր երկրում ժողովրդավարության սկզբունքների խախտման պատճառով: Այդ մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Բրյուսելում Մոլդովայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:

Եվրահանձնակատարի խոսքով՝ այդ գումարները կուղղվեն, մասնավորապես, մասնագիտական- կրթական ծրագրերին, ինչպես նաև Մոլդովայի և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու գործարկմանը: Հանն ընդգծել է, որ Մոլդովայի իշխանությունները որոշ առաջընթաց են արձանագրել բարեփոխումների անցկացման հարցում:

Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ Մոլդովային 100 միլիոն եվրո օգնություն հատկացնելու մասին որոշում էր ընդունվել 2017 թվականի աշնանը, սակայն մեկ տարի անց այն սառեցվել էր՝ մոլդովական իշխանությունների կողմից Վենետիկի հանձնաժողովի և Եվրամիության առաջարկություններին հակառակ ընտրական համակարգը փոխելու պատճառով: Իրավիճակն է՛լ ավելի վատթարացավ, երբ 2018-ի հունիսին իշխանությունները չեղարկեցին Քիշնևի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել էր ընդդիմության առաջնորդ Անդրեյ Նաստասեն:

Բրյուսելը որպես ֆինանսական օգնության պայման առաջ էր քաշել Մոլդովայում կոռուպցիայի դեմ պայքարը, խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:

Մոլդովայի նոր իշխանությունները հայտարարել են, որ Բրյուսելի հետ կապերի խորացումը Քիշնևի առաջնահերթություններից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG