Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովի արձանագրության շահարկումը՝ «պրոպագանդիստական հնարք»


Նախկին իշխանության ներկայացուցիչներն այսօր առավոտից Ֆեյսբուքը հեղեղեցին Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության տեքստերով:

Այս արձանագրությունը Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված չէ, այն հանրությանը հասանելի է դարձրել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը, տարածելով հայտարարություն, ըստ որի Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր» - «անդամ» բառախաղը։ Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

«Իրավական ուղի» ՀԿ-ի ներկայացուցիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի կարծիքով սա ահազանգ է իշխանությանը: - «Ես կարծում եմ, որ այս և նմանատիպ փաստաթղթերը շատ արժեքավոր գործիքներ են իշխանության համար, որպեսզի, մասնագիտական տեսակետներ լսելով, կարողանան ճիշտ ուղղությամբ երկիրը զարգացնել», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սահակյանը:

Սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին հունիսի 20-ին Ազգային ժողովում հայտարարեց ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը: Հիմնավորեց, թե ինքը ՍԴ-ում երկրորդ ընտրված դատավորն է, մյուսներն, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, անդամի կարգավիճակում են: 2018-ին փոխված Սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ որոշումներն ընդունում են դատավորները, մինչդեռ ՍԴ կազմից յոթը անդամի կարգավիճակ ունեն և, ըստ Գրիգորյանի, նման լիազորություն չունեն: Վահե Գրիգորյանն այդ օրը հայտարարեց, թե ՍԴ է գնում նախագահի լիազորություններով:

«Իրավունքի Եվրոպա» Հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը պնդում է, թե Վենետիկի հանձնաժողովի նիստում արձանագրվել են ՍԴ նախկին անդամ Վարդան Պողոսյանի պնդումները: Ըստ Վենետիկի հանձնաժողովի կայքի, հանձնաժողովի անդամները Հայաստանից Վարդան Պողոսյանը և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն են:

«Արձանագրության մեջ արտացոլվել է Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված Վենետիկի հանձնաժողովի անդամի դիրքորոշումը: Մեր տեղեկություններով, այդ նիստին, որը տեղի է ունեցել հունիսի 21-22-ը, մասնակցել է Վարդան Պողոսյանը, և հետևաբար դա այն է, ինչ Վարդան Պողոսյանն է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովում», - կարծիք հայտնեց Լուսինե Հակոբյանը:

Ըստ արձանագրության՝ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սա սպասվելիք հայտարարության նախերգանքն է և իշխանությունը պետք է հետևություն անի և ճիշտ ուղով գնա:

«Այս փաստաթուղթը մեծ արժեք է ներկայացնում, որովհետև փորձագիտական խմբի մասնագիտական, կոնսոլիդացված տեսակետն է արտացոլում և ավելի նպատակային կլինեն այս քննարկումները, եթե մենք փորձենք հասկանալ՝ ինչու է ձևավորվել այս մասնագիտական տեսակետը: Վերջիվերջո՝ Վենետիկի հանձնաժողովը երկարատև գործունեության ընթացքում բարձր հեղինակություն վայելող փորձագիտական կազմ է», - նշում է Սահակյանը:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը ընդգծում է՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը չէ սա, նստաշրջանում հնչած կարծիքներ են, և հանձնաժողովը լիազորել է իր նախագահին՝ հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և, նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, որը դեռ չի արվել:

«Եթե տեսնենք, թե ուղղակի կրնկակոխ՝ ովքեր են տարածում այդ հայտարարությունը, ապա այստեղ կասկած չի մնա, որ դա հենց նախկին իշխանության պրոպագանդիստական հնարքն է», - հավելում է Հակոբյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով սա կոշտ արձագանք է, որի մասին դեռ ավելի վաղ է զգուշացրել իշխանական գործընկերներին:

«Հունիսյան նստաշրջանի ժամանակ՝ Ստրասբուրգում, ես խոսել եմ Վենետիկի հանձնաժողովի տարբեր փորձագետների հետ, եկել եմ՝ իմ մտահոգությունը փոխանցել եմ մեր իշխանություններին, որ՝ մի արեք, մի փորձեք այս թնջուկը՝ Սահմանադրական դատարանի շուրջ, լուծել քաղաքական պրեսինգի ճանապարհով, գնահատականը լինելու է կոշտ: «Իմ քայլի» իմ գործընկերներից մեկը ինձ պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի մեկ֊երկու փորձագետի տեսակետը դեռևս Վենետիկի հանձնաժողովի համապարփակ տեսակետը չէ», - նշեց Զոհրաբյանը:

Այս փաստաթուղթը բուռն քննարկման առարկա է դարձել լայն շրջանակներին հասանելի դառնալու տեսնակյունից: Ինչպե՞ս առաջինը հասավ նախկին իշխանության ներկայացուցիչներին, եթե հասանելի է միայն գաղտնաբառով և սահմանափակ թվով անձանց, հարցնում է Լուսինե Հակոբյանը։ - «Դա չէր կարող հենց այնպես հայտնվել նախկին իշխանության ձեռքում՝ չլինելով հրապարակային փաստաթուղթ», - պնդում է Հակոբյանը։

Ավելի ուշ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանն անդրադարձավ արդարադատության նախարարությունը՝ հայտարարելով, թե տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին: Անդրադառնալով վեթինգի գործընթացին՝ Արդարադատության նախարարությունը հայտարարում է․ - «Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի, այս առումով որևէ խզում նախկինում արված հայտարարությունների և Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջև չկա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG