Մատչելիության հղումներ

Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը գործարկվել է


Ծանր ու երկարատև դադարից հետո վերջապես գործարկվել է ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը։ Ինստիտուտի իզոտոպների բաժնի վարիչ Ալբերտ Ավետիսյանը՝ ցիկլոտրոնի բունկերի մուտքի մոտ, համարյա հիացմունքով է խոսում տարածքի ճառագայթման բարձր մակարդակի մասին։

Արագացուցչի ու դրա միջոցով քաղցկեղի ախտորոշման ոլորտում հեղափոխություն անելու մասին Հայաստանում խոսում են ուղիղ 10 տարի։ Այս մեգաերազանքի համար միլոինավոր եվրոյի վարկեր են ծախսվել Բելգիայի կառավարությունից, Համաշխարհային բանկի միջոցներով կենտրոնն է կառուցվել, Հայաստանը տարբեր թղթերի վրա դարձել էր միջուկային բժշկության տարածաշրջանային կենտրոն, բայց արագացուցիչը՝ ցիկլոտրոնն, այդպես էլ չէր գործարկվում։ Այս շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անակնկալ հայտարարությունը կառավարության նիստի ժամանակ արեց։

«Երբ որ պաշտոնական այցով մեր պատվիրակությունը գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ նույնիսկ ես դժվար էի ուզում հավատալ, որովհետև այդ հարցը էնքան քննարկվել էր և գիտեմ, որ 10 և ավելի տարվա վաղեմության հարց ունի, որ ինձ թվում էր, թե սա անլուծելի հարց է։ Խոսքը նրա մասին է, որ հունիսի 12-ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը», - ասել է Փաշինյանը։

Ալբերտ Ավետիսյանը ցիկլոտրոնից հույսը կտրածներին հրավիրում է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն՝ այստեղ ուղիղ մեկ ամիս առաջ միացան ցիկլոտրոնի էլեկտրոնային կառավարման վահանակի բոլոր լույսերը։

«Դուք ասում եք՝ էս մեքենան չի աշխատի, հետո տեսնում եք, որ էդ մեքենան քշվեց, գնաց, մարդ տեղափոխեց, չէ չի աշխատի, դե լավ չի աշխատի, ի՞նչ ասեմ, չեմ կարող ստիպել՝ իրանք փոխեն կարծիքը։ Հենա աշխատում է», - նշեց Ավետիսյանը։

Բելգիական արտադրության արագացուցիչը արտադրում է իզոտոպներ, այս դեպքում F18, այս իզոտոպն էլ զտվում, դառնում է պատրաստուկ հիվանդին ներարկելու համար։ Այդ ներարկումն անհրաժեշտ է «Պետսկան» կոչվող սարքով ախտորոշում իրականացնելու համար, սա միակ միջոցն է քաղցկեղը ու հնարավոր մետաստազները միլիմետրերի ճշգրտությամբ ախտորոշելու, կամ ընթացքը հսկողության տակ պահելու համար։ Այս հետազոտության համար հայստանցիները ստիպված են այլ երկրներ՝ հաճախ Վրաստան մեկնել, այնինչ «Պետսկան»-ը վաղուց կենտրոնում է, բայց այն գործի գցել հնարավոր չէր՝ առանց ցիկլոտրոնի գործարկման։

«Երկու ամիս առաջ փոխվարչապետ Ավինյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, և Ավինյանը ասեց՝ մոտակա երկու ամսում՝ հաշվի առնելով այդ բոլոր մտավախությունները, որ հնացել է, ժանգոտվել է, պիտանի չի և այլն, եթե կարողանան իրան թողարկել, մենք կշարունակենք իր հետ աշխատել, եթե՝ չէ, մենք կմտածենք՝ ինչպես էս բեռից ազատվել», - ասաց Ավետիսյանը։

Ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչն ասում է՝ սարքավորումները վաղուց տեղադրված պատրաստ էին, սակայն թողարկումն առանց նոր ֆինանսական ներկարկումների հնարավոր չէր, դա էլ ապահովեց ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Անի Աբրահամյանը։
Բելգիական «Այ ԲԻ Էյ» ընկերության սաքավորումները գործարկում են հենց ընկերության մասնագետները, Վյաչեսլավ Պովոդը ցույց տվեց սպասված սրվակները։

«Իհարկե, ունենք սեփական իզոտոպները, նույնիսկ սեփական ռադիոֆարմ պրեպարատը, որն էլ օգտագործվելու է ախտորոշման համար», - նշեց Վյաչեսլավ Պոդովը։

Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, սակայն, շեշտում են՝ այնպես չէ, որ մեկ, երկու օրից կարող են սկսել մարդկանց հետազոտել, երկար սպասված ու ի վերջո ստացված պրեպարատը դեռ պետք է որակի ստուգում անցնի։ Շուրջ 300 միլիոն դրամի կարիք էլ կա ասում է կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը։

«Առաջին էտապն ավարտեցինք էս պահին։ Հիմա երկրորդ էտապով ի՞նչ է արվում, ստացված պրեպարատը պետք է համապատասխանի դեղարտադրության ստանդարտներին, քանի որ նա ներարկվելու է պացիենտին», - ընդգծեց Ռոստոմյանը։

Պետսկան հետազոտությունը նախնական հաշվարկով մոտ հազար դոլար կարժենա, սակայն ինչպես կառավարության նիստում առողջապահության նախարարը հայտարարեց, պետությունը պատրաստ է պետպատվեր տրամադրել որոշակի թվով հիվանդների համար։ Ի դեպ, կառավարական կաբինետը ցիկլոտրոնի թողարկման լուրին արձագանքում էր մեծ ոգևրությամբ, և միակ թերահավատը առողջապահության նախարարն էր։

«Մեր մեջ ասած, նույնիսկ եթե գործարկվի էլ, շատ մեծ հարցական է եկամտաբեր կլինի՞, թե՞ չէ, որովհետև ի սկզբանե նախատեսված է եղել, որ դա լինելու է մի մեծ կոմպլեքսի մի փոքր մասը, որը ընդհանուր կարող է լինել եկամտաբեր», - ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Կենտրոնի տնօրենի հաշվարկով օրական առնվազն 7 հիվանդ պետք է անցնի պետսկանով, որպեսզի կենտրոնի գոյությունն արդարացված լինի։ Հարևան Վրաստան իզոտոպի արտահանման հեռանկարն էլ, ըստ նրա, կասկածելի է։ Վրաստանը Թուրքիայի հետ է աշխատում, որտեղ ցիկլոտրոնները մի քանիսն են, ծավալները՝ մեծ, ինքնարժեքը՝ ցածր։ Բացի դրանից, իզոտոպն ունի կյանքի կարճ տևողություն, երկու ժամ անց նրա ռադիոակտիվությունը կրկնակի ընկնում է։

«Հանդիպել ենք նաև մեր վրացի գործընկերների հետ, ստեղ լոգիստիկայի հետ կապված խնդիրներ կան, մեզ ռեգուլյար ռեյսեր են պետք, ինչ-որ հարցեր, որ կապված են նաև իրավական ինչ-որ բաների հետ, որ պետք է լուծվի, իսկ ընդեղ արդեն աշխատող մեխանիզմ է», - ընդգծեց Ռոստոմյանը։

Որ ախտորոշման պետսկան հնարավորությունը քաղցկեղով հիվանդ հայաստանցիների համար սուր անհրաժեշտություն է, կենտրոնում վիճարկող չկա։ Ուռուցքով հիվանդների թիվը 40 հազարից ավելի է։ Դեռ պարզ չէ, արդյո՞ք իզոտոպները, այդքան սպասված F18-ը օգնության կհասնեն նրանց, թե՞ այս ամենը կմնա լավ, բայց անցողիկ նորություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG