Մատչելիության հղումներ

Աղետի գոտում սկսված ժամանակավոր կացարանների հաշվառման վերջնական տվյալները դեռևս ամփոփված չեն


Տնակներ Գյումրիում, արխիվ

Աղետի գոտում վարչապետի հանձնարարությամբ սկսված ժամանակավոր կացարանների հաշվառման վերջնական տվյալներն ամփոփված չեն, թեև վերջնաժամկետը հունիսի 30-ն էր: Կադաստրի կոմիտեն և ոստիկանությունը իրենց բազաներով դեռ տնակ առ տնակ հստակեցնում են՝ ովքեր ինչ կարգավիճակով են հայտնվել ժամանակավոր կացարանում:

Այնուհանդերձ, անցած շաբաթ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հայտարարությունը, թե շահառու ճանաչված 453 ընտանիքի բնակարան հատկացնելով պետությունը նրանց նկատմամբ ստանձնած պարտավորությունը ավարտում է և 2021 թվականին աղետի գոտու շահառու հասկացողություն այլևս չի լինի, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Անօթևանների խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտորնի» նախագահ Վահան Թումասյանը, որը նաև վարչապետի հանձարարությամբ ստեղծված հանձնաժողովի անդամ է, այս հայտարարության մեջ ռիսկեր է տեսնում:

«Վտանգներ կան, դիմացը դրամահավաք է Գյումրիի երկու հանրակացարանների համար, տարբեր ֆոնդեր ինտենսիվորեն տալիս են։ Կառավարությունը երկրորդ, երրորդ տարին է որևէ կոպեկ էդ ծրագրի վրա չի ծախսում աղետի գուտում և Գյումրիում, փոխարենը ուրիշ ֆոնդեր են անում։ Եթե նկատեք, ամենածայրահեղ, որ իրականում թերսնվածության, սովի էին մատնված, էդ ընտանիքները հանեցինք տնակներից։ Մոտավորապես, էս վերջի 2-3 տարին, 150-200 ընտանիքի միայն Գյումրիում է բնակարան տրվել տարբեր ֆոնդերի կողմից։ Այսինքն սա լուրջ պետությանը օգտակար գործ են անում», - նշեց Թումասյանը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խառնաշփոթը պայմանավորում է զուգահեռ ընթացող երկու գործընթացով՝ մի կողմից գյուղական բնակավայրերի՝ տարիներ շարունակ ծրագրերում ընդգրկված, բայց դրանցից դուրս մնացած շահառու ընտանիքներին բնակարանով ապահովումը, մյուս կողմից՝ ժամանակավոր կացարանների հաշվառումը: Շիրակի մարզպետն ասում է, որ հիմա մեկ-մեկ հստակեցվում է՝ ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է հայտնվել տնակում:

«Տնակ առ տնակ կարողանան հստակ իդենտիֆիկացնել՝ ինչ պատճառներով են մարդիկ մինչև հիմա՝ 30 տարի հետո տնակներում, որ մարդիկ են, որ որևէ բան ժամանակին չեն կորցրել, որևէ բան չեն ստացել, իրենք պարզապես ճակատագրով 30 տարի կապվել են էդ տնակի հետ, ով է էս ընթացքում տուն վաճառել, տուն փոխանակել կամ ինչ-որ այլ գործողության արդյունքում, որպեսզի պարզ լինի, թե խնդրին ինչ լուծումներ են տալու և յուրաքանչյուր խնդրակազմի լուծումների հետ նաև պարզ լինի, թե ինչքան կարժենա այդ լուծումը», - ասաց Շիրակի մարզպետը։

Աղետի գոտու երեք մարզերում՝ Լոռիում, Շիրակում ու Արագածոտնում հաշվառվել է 6400 ժամանակավոր կացարան՝ 3500-ը միայն Շիրակի մարզում, որից 2854-ը Գյումրիում է: 30 տարի տնակում ապրող Սահակյանների ընտանիքը բնակարան կորցրել է, սակայն մինչ օրս չի փոխհատուցվել: 2008 թվականի վերջին հաշավառմանը փաստաթուղթ չեն ներկայացրել՝ հաշվի առնելով, որ նախկինում անօթևանների հերթացուցակում եղել են և մտածել են, որ նոր հաշվառման անհրաժեշտություն չունեն, այդպիսով դուրս են մնացել հերթացուցակից: 3 սենյականոց բնակարան կորցրած ընտանիքը հիմա 3 ընտանիք է դարձել ու ամեն մեկն առանձին տնակում է բնակվում, ասում է տիկին Աիդան:

«Չորս անձ տեքրանքս էին, երկու անձ տալս ու սկիսուր սկեսրայրովս չորս անձ էին, մենք էդ ժամանակ հինգ անձ էինք, որ տնակ արդեն տեղափոխվանք։ Փոքր տղես 90 թվին ծնվավ ստեղ՝ տնակի մեջ։ Հետո աղջիկս ամուսնացավ, մնացել ենք տղես, ես ու ամուսինս։ Տղաներս մեծ են, դեռ ամուսնացած չեն հենց էս տնակի պատճառով, որ տեղ չկա բնակվելու», - ընդգծեց տիկին Աիդան։

3 սենյականոց բնակարան կորցրած ընտանիքին գործող օրենքով 3 սենյականոց են կրկին հատկացնելու: 3 ընտանիքից ո՞րն է գնալու բնակարան, ո՞րն է մնալու, այս խնդրի առաջ շատերի պես կանգնած է նաև տիկին Աիդայի ընտանիքը:

Վահան Թումասյանը Գյումրիում անօթևանության խնդրի լուծման իր մոդելն է առաջարկում: Կարծում է, որ պետությունը առնվազն 4000 բնակարան պետք է կառուցի ոչ միայն տնակներում ապրող, այլ նաև տարիներով անտեսված վթարային շենքերի բնակիչների համար:

«Վթարային շենքերում բնակվողները իրավունք ունե՞ն բակարան ունենալու, ունեն չէ՞։ Գիտե՞ք քանի մարդ է ապրում, քանի ընտանիք, 2000 ընտանիք, որոնց մասին մենք երբևէ չենք խոսում։ Եվս 2000 ընտանիք պետության կողմից չի փոխհատուցվել, այսինքն մենք մոտավորապես էս պահին Գյումրիում 4000 բնակարանի խնդիր ունենք», - նշեց Թումասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG