Մատչելիության հղումներ

Մերկելի հաճախակի դարձած դողէրոցքը Գերմանիայում լուրջ մտահոգություններ է հարուցել


Գերմանիայի կանցլերը և Դանիայի վարչապետը նստած են երկու պետությունների օրհներգերը հնչելու ժամանակ, Բեռլին, 11-ը հուլիսի, 2019թ․
Գերմանիայի կանցլերը և Դանիայի վարչապետը նստած են երկու պետությունների օրհներգերը հնչելու ժամանակ, Բեռլին, 11-ը հուլիսի, 2019թ․

Կանցլեր Անգելա Մերկելի մոտ հաճախակի դարձած դողէրոցքը Գերմանիայի քաղաքական շրջանակներում մտահոգությունների տեղիք է տվել: Որքա՞ն հաճախ են տեղի ունենում այդ նոպաները ոչ հանրային վայրերում, ի՞նչ հիվանդություն ունի Մերկելը, և ի վերջո՝ արդյոք նա ի վիճակի՞ է կառավարել երկիրը. սրանք այս օրերին Գերմանիայում ամենաշատ հնչող հարցերն են:

Դաշնային կանցլերի առողջական վիճակի հետ կապված մտահոգությունները ավելի խորացան, երբ նախօրեին պաշտոնական արարողության ժամանակ Մերկելը կանգնած լինելու փոխարեն նստած էր: Իշխող Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամները մտմտում են՝ արդյոք ժամանակը չէ՞, որ Մերկելը իշխանության ղեկը փոխանցի մինչև 2021 թվականը՝ ավելի շուտ, քան պլանավորված է: Այս մասին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում ասել է կանցլերի գլխավորած կուսակցության առաջնորդներից մեկը` անանուն մնալու պայմանով:

Տեսախցիկները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ են արձանագրում պաշտոնական հանդիպումների ընթացքում Մերկելի մոտ անբացատրելի դողէրոցքը: Առաջին անգամ դա տեղի է ունեցել հունիսի 18-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընդունելության արարողության ժամանակ, վերջին անգամ՝ չորեքշաբթի օրը՝ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի հետ պաշտոնական հանդիպմանը: Իսկ նախօրեին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ Բեռլինում տեղի ունեցած հանդիպմանը օրհներգը հնչելու ժամանակ կանցլերը նստած էր, մինչդեռ ընդունված է կանգնած լինել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` արարողակարգը փոփոխության է ենթարկվել գերմանական կողմի խնդրանքով: Չնայած այդ ժամանակ դողէրոցքի դրսևորումներ չեն նկատվել և Մերկելը նույնիսկ ժպտում էր, սակայն պատվո պահակախմբի դիմաց պետության ղեկավարի նստած լինելու հանգամանքը միայն խորացրել է անհանգստությունը:

Կանցլերի աշխատակազմից առայժմ որևէ համոզիչ բացատրություն չի հնչել: Առաջին դեպքից հետո Մերկելը հայտարարել է, թե դողալու պատճառը ջրազրկվածությունն է, հաջորդ նոպայից հետո ենթադրություններ են հնչել, թե հնարավոր է՝ խնդիրը հոգեբանական է, իբր կանցլերը վերհիշել է իր հետ տեղի ունեցածը, ինչը նոր դողի պատճառ է դարձել:

Գերմանական կառավարության ղեկավարը, իր հերթին, հավաստիացնում է, թե իրեն լավ է զգում, անհանգստանալու առիթ չկա, և անսպասելի դողը ինչպես հանկարծակի առաջացել է, այնպես էլ կանհետանա:

Չորրորդ ժամկետը պաշտոնավարող կանցլեր Մերկելի առողջական վիճակը երբեք քննարկման թեմա չէր եղել, դեռևս տարիներ առաջ նա հայտարարել էր, թե չէր ցանկանա պաշտոնը լքել ծեր և տկար վիճակում, այդ իսկ պատճառով քաղաքականությամբ կզբաղվի այնքան, որքան առողջությունը թույլ կտա:

Ղեկավարելով Եվրամիության տնտեսապես ամենահզոր երկիրը՝ 65-ամյա Անգելա Մերկելը հայտնի է իր աշխատանքային էթիկայով, գագաթնաժողովներում բարդ խնդիրների վրա կենտրոնանալու և մինչև ուշ գիշեր աշխատելու հարցում Միության այլ առաջնորդներին գերազանցելու ունակությամբ:

Գերմանական մամուլը գրում է, որ բժիշկ փորձագետները խուսափում են մեկնաբանություններից՝ շահարկումների տեղիք չտալու համար, միևնույն ժամանակ շտապում են փարատել մտավախությունները՝ նման ախտանիշները կարող են տարբեր պատճառներ ունենալ, այդ թվում ոչ այնքան լուրջ՝ առողջությանը չսպառնացող:

Մյուս կողմից, քաղաքական շրջանակներում պնդում են, որ Գերմանիայի կանցլերի առողջությունը լուրջ և նուրբ հարց է, ինչը չի կարող անուշադրության մատնվել: «Մերկելը կայունության երաշխավորն է, և շատերը ցանկանում են, որպեսզի նա պաշտոնավարի մինչև ժամկետի ավարտը», - Reuters-ի հետ զրույցում ասել է Forca սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մանֆրեդ Գյուլները՝ հավելելով. - «Խնդիրը հաղթահարելու խոստումները բավարար չեն, այդ ամենը բավական դրամատիկ տեսք ունի, նա պետք է պատմի, թե ինչ է կատարվում իրականում»:

Եթե, օրինակ, Միացյալ Նահանգներում երկրի ղեկավարի առողջական վիճակի ամենամյա ստուգման արդյունքները պարտադիր հրապարակման ենթակա են, Գերմանիայում միանգամայն հակառակն է՝ մասնավոր կյանքի իրավունքի մասին գերմանական օրենսդրությունը պաշտպանում է անձին նման տեղեկատվություն տրամադրելու պարտավորությունից:

Անցյալ տարի Սպիտակ տան ղեկավարի հնարավոր առողջական խնդիրների մասին խոսակցությունների ֆոնին Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` պնդելով, որ նախագահը առողջ է: Ստուգումների արդյունքները ևս վկայում են, որ ամերիկացի առաջնորդը հիմնականում առողջ է, բայց ունի ճարպակալման հետ կապված որոշ խնդիրներ:

Ֆրանսիայում նախագահի բժշկական հետազոտությունների արդյունքները նույնպես չեն հրապարակվում, նախագահի առողջության թեման տաբու է: Սակայն հանրությունը, այդուհանդերձ, քննարկում է՝ ինչու է Էմանյուել Մակրոնը այդքան նիհար և գունատ, ամիսներ առաջ գրում էին ֆրանսիական լրատվամիջոցները: Ելիսեյան պալատի ղեկավարը երբեք չի մեկնաբանել այդ խոսակցությունները:

Ռուսաստանի առաջնորդի առողջությունը, մինչդեռ, պետական կարևորության հարց է, թեև Ռուսաստանում այդ մասին գրեթե չեն խոսում: Ժամանակին Վլադիմիր Պուտինին բազմաթիվ հիվանդություններ են վերագրվել, սակայն դրանք անմիջապես էլ հերքվել են Պուտինի՝ տարբեր մարզաձևերով զբաղվելու մասին հեռուստատեսությամբ հեռարձակվող կադրերի ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG