Մատչելիության հղումներ

Մերկել. «Ես հետևում եմ առողջությանս»


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ նորից մարմնի դող է նկատվել: Վերջին անգամ դա տեղի է ունեցել երեկ՝ Ֆինլանդիայի վարչապետ Անտի Ռիննեին Բեռլինում դիմավորելու հանդիսության ժամանակ:

Ավելի ուշ նա ասել է, թե, հավանաբար, չի կարողացել ձերբազատվել տհաճ հիշողությունից այդ նույն վայրում հունիսի կեսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիմավորման ժամանակ առաջին անգամ սկսված դողի մասին, և երևույթը կրկնվել է:

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր առողջական վիճակին, կանցլերն ասել է, որ լիովին գիտակցում է իր պատասխանատվությունը:

«Որպես մարդ՝ ցանկանում եմ առողջ լինել: Ամեն ինչ հսկողության տակ է: Ես հետևում եմ առողջությանս: Այո, առաջիկայում կդառնամ 65 տարեկան, դա այնքան կարևոր չէ, որքան 60-ը կամ 70-ը, դա 60-ից 70-ի հասնելու ճանապարհի կեսն է», - ասել է Մերկելը և կատակով հավելել. - «Ուստի, չեմ երիտասարդանում, բայց ավելի փորձառու եմ դառնում, ամեն բան իր լավ կողմն ունի»:

Կանցլերը հուլիսի 17-ին կդառնա 65 տարեկան: Նա 14 տարի է ղեկավարում Եվրամիության ամենահզոր պետությունը: Մերկելը նշել է, որ սա իր վերջին ժամկետն է կանցլերի պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG