Մատչելիության հղումներ

ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակի կապակցությամբ Բաթումիում մեկնարկած համաժողովը ուղեկցվել է բողոքի ակցիաներով


Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակի կապակցությամբ Բաթումիում մեկնարկած համաժողովը ուղեկցվել է ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիաներով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով մեծ պաստառը ակտիվիստները փռել են գետնին և քայլել վրայով:

Վրաստանի և Եվրամիության դրոշներով ցուցարարները կրկին պահանջել են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Ցուցարարները ցանկանում են հանդիպել Եվրամիության ներկայացուցիչներին՝ պատմելու, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 20-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում: Նրանք ասել են, թե միևնույն է կանգ չեն առնելու, բողոքի ցույցերը շարունակելու են, մինչև արյունալի գիշերվա համար պատասխանատու ներքին գործերի նախարարը հրաժարական չտա:

Բաթումիի համաժողովին շուրջ 400 մարդ է մասնակցում. Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրների, եվրոպական երկրների ներկայացուցիչներ, դեսպաններ, գործարարներ: Հայաստանից համաժողովին մասնակցում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Դոնալդ Տուսկը անհիմն է համարել ռուսական ավիաընկերությունների վրա դրված ագելքը՝ չվերթներ չկատարել Վրաստան:

Համաժողովի իր ելույթում Դոնալդ Տուսկը հակադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տարիներ առաջ արած հայտարարությանը, թե նախկին Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի աղետն էր:

«Վրաստանում այսօր ես ցանկանում եմ բարձրաձայն և հստակ ասել՝ Խորհրդային Միության փլուզումը դարաշրջանի աշխարհաքաղաքական աղետ չէր, դա օրհնություն էր վրացիների, լեհերի, ուկրաինացիների, ամբողջ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ռուսների համար», - Բաթումիում հայտարարել է Դոնալդ Տուսկը:

Վրաստանի ղեկավարները, իրենց ելույթներում ընդգծելով եվրոպական ընտանիքին ինտեգրվելու անխախտ ձգտումները, ժողովրդավարական երկիր դառնալու անշրջելիությունը, անդրադարձել են Վրաստանի ամենացավոտ՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդրին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ երկրի ամբողջականությունը վերականգնելու համար Վրաստանը Եվրամիության օգնության, աջակցության կարիքն ունի: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի հետ նոր լարվածությունը ցույց է տալիս, որ ներկայիս ստատուս քվոն անընդունելի է և չի նպաստում երկարատև կայունությանը: Իսկ խնդրի լուծումը, Վրաստանի օկուպացիայի լուծումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով:

Զուրաբիշվիլին ասել է, որ Վրաստանը խաղաղասեր երկիր է, 2008 թվականի պատերազմից հետո էլ բարյացակամ հյուրընկալում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել է, թե չնայած երկրում ստեղծված բոլոր դրական լիցքերին, Վրաստանը դեռ բախվում է սպառնալիքների և մարդու իրավունքների խախտումների օկուպացված տարածքներում:

Այս համաժողովը նաև մի առանձնահատկություն ունի, վրացական լրատվամիջոցների ներկայացմամբ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում սա ներդրումային առաջին համաժողովն է: Վեց երկրների մասնավոր և պետական ոլորտից ծրագրեր են ներկայացված, հույս ունենալով, որ դրանք ուշադրություն կգրավեն ու եվրոպական երկրների կամ Եվրամիության աջակցության ու ներդրումների միջոցով կյանքի կկոչվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG