Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտնում դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը


Թբիլիսիի միջազգային օդանավակայանը, արխիվ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում դեպի Վրաստան չվերթների արգելքի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը վերաբերում է ռուսական ավիաընկերություններին։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Պուտինի այս որոշումից հետո անմիջապես արգելել էր նաև վրացական ավիաընկերությունների չվերթները Ռուսաստան։

Սա Մոսկվայի պատասխանն էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 20-ից սկսված հակառուսական բողոքի ակցիաներին։

Նախնական տվյալներով՝ ռուսական ավիաընկերությունները կկորցնեն մոտ 3 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը:

Վրաստանում նույնպես արդեն ունեն մոտավոր հաշվարկներ, թե ինչքան կկորցնի երկրի տնտեսությունը Պուտինի որոշման հետևանքով՝ շուրջ երկուսուկես միլիարդ լարի։

Georgian Airways ընկերության տնօրենի Թամունա Թանդաշվիլիի խոսքով, չնայած արգելքին՝ ընկերությունը կապահովի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Թանդաշվիլին Ֆեյսբուքում գրել է, որ վրացական ավիաընկերության օդանավերը կշարունակեն չվերթները Մոսկվա-Երևան-Թբիլիսի ուղղությամբ՝ օրական երկու անգամ։ Ավիաընկերության տնօրենը հայտնել է, որ ուղևորները Երևանում կմնան օդանավում։

Երեկ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության մեկնաբանն ուղիղ եթերում անպատվել էր Վլադիմիր Պուտինին և նրա մորը՝ օգտագործելով շատ կոշտ հայհոյանքներ։ Մոսկվան այս նոր միջադեպին դեռ չի արձագանքել։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG