Մատչելիության հղումներ

Թուրքիայում անցկացված հարցման մասնակիցների շուրջ 61 տոկոսը Հայաստանը սպառնալիք է համարում


Թուրքիա - Տեսարան Ստամբուլից, արխիվ
Թուրքիա - Տեսարան Ստամբուլից, արխիվ

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի Թուրքիայի շուրջ ուսումնասիրությունների կենտրոնը հետաքրքիր հետազոտություն է իրականացրել` պարզելու թուրքական հասարակության մոտեցումը երկրի արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է սոցիալական տարբեր խմբերի պատկանող, քաղաքական և կրոնական տարբեր հայացքներով 1000 քաղաքացի Թուրքիայի 26 նահանգներից:

Ուշագրավ է, որ հարցվածների 61,2 տոկոսը Հայաստանը Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող երկրների շարքում է դասել: Հարցմանը մասնակցած քաղաքացիների 81,3 տոկոսի կարծիքով՝ Թուրքիայի անվտանգությանը ամենից շատ սպառնացող երկիրը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Իսրայելը, Ֆրանսիան և Անգլիան: Թուրքիայի բարեկամ երկրների շարքում առաջին տեղում Ադրբեջանն է՝ այս համոզմունքն է կիսում հարցվածների 65,3 տոկոսը: Բարեկամ երկրների թվում են նաև միջինասիական պետությունները` Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը:

Եվրամիության հետ հարաբերությունների վերաբերյալ հարցման մասնակիցների 61,1 տոկոսը նշել է, որ աջակցում է Թուրքիայի անդամակցությանը եվրոպական ընտանիքին: Այնուհանդերձ, քաղաքացիների միայն 32 տոկոսն է հավատում, որ Թուրքիան երբևէ Եվրամիության անդամ երկիր կդառնա: Այս գործընթացում որպես գլխավոր խոչընդոտ նշվում է թուրքական և եվրոպական հասարակությունների միջև կրոնի և ինքնության տարբերությունը: Փոխարենը, քաղաքացիների 27,8 տոկոսը կարծում է, որ պետք է Թուրքական միություն հիմնել:

Զուգահեռաբար՝ հարցվածների կեսից ավելին կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունները և կողմ արտահայտվել ռազմավարական գործընկերության խորացմանը: Նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին․ հարցման մասնակիցների համոզմամբ՝ արտաքին հարթության վրա Թուրքիայի համար ամենից խնդրահարույցը ԱՄՆ-ի հետ հարաբերություններն են: Արտաքին քաղաքական մյուս մարտահրավերների թվում են սիրիական պատերազմն ու ահաբեկչության դեմ պայքարը:

Հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ քաղաքացիների միայն 29,7 տոկոսն է համարում, որ Թուրքիայի կառավարությունը հաջող արտաքին քաղաքականություն է վարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG