Մատչելիության հղումներ

Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը ՍԴ-ն երկարաձգել է մինչև հուլիսի 9-ը


ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ երկարաձգվել է մինչև 2019 թվականի հուլիսի 9-ը՝ «լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով»:

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին: «Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում», - հաղորդել էին ՍԴ-ից:

Դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու որոշումը Սահմանադրական դատարանը կայացրել է հունիսի 7-ին:

Մայիսի 20-ին, հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմից փաստաբաններին հայտնել էին, որ դատարանը կասեցրել է Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Դրանից երկու օր առաջ դատավոր Գրիգորյանի որոշմամբ Քոչարյանը ազատ էր արձակվել կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց:

Վաղը Վերաքննիչ քրեական դատարանը քննելու է նախկին նախագահին կալանքից ազատելու և գործը ՍԴ ուղարկելու դեմ բողոքները:

Մարտի 1-ի գործից անջատված մասով Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: Պաշտոնաթող նախագահը մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG